211652_close_icon
views-count1117 դիտում article-date 12:17 19-10-2023

Բռնի տեղահանված ավելի քան 3000 անձ ՀՀ–ից արդեն դուրս է եկել. Կոչ ենք անում չդիտարկել արտագաղթելու տարբերակը. Փաշինյան. News.am

Այսօրվա դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 3000 անձ դուրս է եկել ՀՀ-ից: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չեմ ուզում հետևություններ անել այս թեմայի հետ կապված, գուցե նրանցից շատերը գնում են իրենց ազգականներին տեսնելու, մի քիչ ժամանակ անցկացնելու, և ես հույս ունեմ, որ շատ հստակ ենք մենք այդ ուղերձը տալիս, և նաև կոչ եմ անում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին, որպես առաջնային պլան, ունենալ ՀՀ-ում մնալը:

Մենք ամեն ինչ անում ենք նրանց աջակցելու համար այն դեպքում, երբ դե ֆակտո կա՛մ ցանկություն, կա՛մ հնարավորություն չի լինի վերադառնալ ԼՂ, մեր քաղաքականությունն է՝ ամեն ինչ անել, որպեսզի նրանք մնան ՀՀ-ում: Եվ ես կոչ եմ անում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին՝ ՀՀ-ից արտագաղթը չդիտարկել որպես առաջիկա գործողությունների պլան»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ արդեն ավելի քան 100 միլիոն դոլարի հատկացում է արել ՀՀ Կառավարությունը, տարբեր ծրագրեր է մշակել ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար:

«Մեր բոլորի քաղաքական և հստակ ուղերձը պիտի լինի այն, որ մենք չենք ուզում և կոչ ենք անում չդիտարկել ՀՀ-ից արտագաղթելու, ՀՀ-ից հեռանալու տարբերակը»,- խոսքն ամփոփելով՝ ասաց Փաշինյանը:
Պաշտոնական տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն է ժամանել 100 632 բռնի տեղահանված քաղաքացի։

Նմանատիպ նյութեր