211652_close_icon
views-count844 դիտում article-date 14:16 30-10-2023

ԱՄՆ-ը աջակցում է ԵՄ դիտորդական առաքելությանը Հայաստանում․ դեսպանություն

Միացյալ Նահանգներն աջակցում է Եվրամիության դիտորդական առաքելությանը Հայաստանում, «Ազատությանը» հայտնել են ԱՄՆ դեսպանությունից:

«Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել էր դեսպանությունից, թե հնարավո՞ր է արդյոք Միացյալ Նահանգները ևս միանա դիտորդական առաքելությանը՝ հաշվի առնելով, որ կան հավաստի տեղեկություններ ԵՄ առաքելության ընդլայնման վերաբերյալ։

Դեսպանատնից միայն նշել են, որ ողջունում են գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության ջանքերը՝ տարածաշրջանում փոխվստահություն կառուցելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության համար կառուցողական մթնոլորտ ապահովելու հարցում։

«Միացյալ Նահանգները ամուր աջակցություն է հայտնում Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», - ասված է ԱՄՆ դեսպանության պատասխանում։

Հոկտեմբերի 26-ին Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ, որից հետո առաքելությունը հայտնեց, թե կողմերը քննարկել են Եվրամիության առաքելության մանդատն ու հայ-ադրբեջանական սահմանի անվտանգային զարգացումները։

Նմանատիպ նյութեր