211652_close_icon
views-count1081 դիտում article-date 11:18 30-11-2023

Ադրբեջանական քարոզչամեքենայի նոր թեզը. monumentwatch.org

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«2023 թվականի նոյեմբերի 11-ին ադրբեջանական պաշտոնական Ազերթաջ լրատվական գործակալությունը ծավալուն հոդված է տպագրել, որը նվիրված էր օկուպացված Հադրութի շրջանի Վանք գյուղում գտնվող Սպիտակ խաչ վանքին:

Հոդվածում, հղում անելով ադրբեջանցի պատմաբան Մուհաբբատ Փաշաևային, նշվում է, որ «հայկական օկուպացիայի տարիներին» հայկական կողմը իբրև թե սեփականացրել է «Ղարաբաղի քրիստոնեական մշակութային ժառանգությունը» և փորձել է այն ներկայացնել հայկական և որպես օրինակ բերվում է Սպիտակ խաչ վանքը: Ադրբեջանական լրատվական կայքը կրկին տարածում է ադրբեջանական պետական քարոզչության հիմնական թեզերից մեկը, համաձայն որի Արցախում գտնվող քրիստոնեական մշակութային ժառանգությունը հայերի հետ ոչ մի առնչություն չունի, այն աղվանա-ուդիական է, սեփականացվել, յուրացվել և հայացվել է: Ադրբեջանական քարոզչամեքենայի անընդհատ կրկնվող այս թեզերը վաղուց արդեն ծանոթ են, սակայն այս հոդվածում ադրբեջանական կողմը առաջ է քաշում քարոզչական նոր թեզ՝ իբր խորհրդային տարիներին ադրբեջանցի գիտնականները հնարավորություն չեն ունեցել հետազոտություններ իրականացնել Ղարաբաղի տարածքում, քանի որ եղել են «լուրջ խոչընդոտներ»: Ըստ Փաշաևայի՝ ներկայումս հնարավորություններ են ստեղծվել «աղվանական քրիստոնեական ժառանգության օբյեկտիվ հետազոտության համար»:

Բաքվից հնչող այս հայտարարություններում ամենից տարակուսելին այն է, թե խորհրդային տարիներին ադրբեջանցի գիտնականները հնարավորություն չեն ունեցել հետազոտելու Ղարաբաղի քրիստոնեական ժառանգությունը: Խորհրդային տարիներին Ադրբեջանի դե յուրե և դե ֆակտո մաս կազմող ԼՂԻՄ-ը վարչական, տնտեսական, ֆինանսական, ենթակառուցվածքային լծակներով ուղղակի և անուղղակի կերպով վերահսկվում էր պաշտոնական Բաքվի կողմից և անգամ փոքրիկ տարակարծությունը պաշտոնական Բաքվի տեսակետի և քաղաքականության հանդեպ ենթադրում էր տեղում պատիժների կիրառում: Խորհրդային տարիներին պատմական Արցախի տարածքում հետազոտություններ իրականացնելու իրավունք ունեին միայն ադրբեջանցի գիտնականները, որոնք, մեծամասամբ աշխատանքներ էին տանում այնպիսի հուշարձաններում, որոնք ոչ մի աղերս չունեին քրիստոնեական մշակութային ժառանգության հետ: Խորհրդային տարիներին Ադրբեջանի Գիտութունների Ակադեմիայի կողմից հրատարակված բազմաթիվ գիտական ժողովածուներում պատմական Արցախի հուշարձանները, քրիստոնեական ժառանգությունը գրեթե ներկայացված չէ:

Արցախի պատմությամբ հետաքրքրված էին միայն որոշ ադրբեջանցի գիտնականներ, ովքեր զբաղվում էին Արցախի և Ուտիքի պատմության «սրբագրությամբ»՝ բացառելով ամեն հայկականը: Սրբագրման և խմբագրման քաղաքականությունը ակտիվացավ սկսած 1950-ական թվականներից և հատկապես ակտիվ փուլ մտավ 1960-ականներին: Արցախի քրիստոնեական ժառանգության, մշակույթի և պատմության խմբագրմամբ զբաղվում էին Զ. Բունիյաթովը, Դ. Ախունդովը, Ֆ. Մամեդովան, Ռ. Գեուշևը, Ի. Ալիևը և այլք: Ադրբեջանցի գիտնականները մշակեցին Արցախի պատմության, մշակույթի, մշակութային ժառանգության կլանման, խեղաթյուրման «տեսական» հիմքերը, որի հիմնական առանցքը Արցախի և նրա մշակութային ժառանգության աղվանացումն էր:

«Ղարաբաղի քրիստոնեական մշակութային ժառանգության» հնագիտական հետազոտությամբ զբաղվել է միայն Ռաշիդ Գեուշևը: Վերջինս «պեղումներ» է իրականացրել Ամարասի վանքում, Ճանկաթաղում, իր աշխատանքներում անդրադարձել է Գանձասարի վանքին, Դադիվանքին և որոշ այլ հուշարձանների, սակայն, բնականաբար, հայկականը ժխտելով և դրանք ներկայացնելով որպես աղվանական:

Ադրբեջանցի որոշ գիտնականներ էլ փորձեցին անդրադառնալ Արցախի կոթողային մշակույթին: Այդպիսիններից էին Դ. Ախունդովը, Ռ. Գեուշևը, Ն. Ռզաևը, Մ. Խալիլովը: Ընդ որում, իրենք իրենց աշխատանքներում բերում են ԼՂԻՄ-ում գտնվող տարբեր խաչքարերի օրինակներ և լուսանկարներ: Միայն այս հանգամանքն արդեն ինքնին վկայում է, որ խորհրդային տարիներին ադրբեջանցի գիտնականների առջև արգելքներ չկային:

Սակայն, մեծամասամբ Արցախի մշակութային ժառանգության հանդեպ հետաքրքրությունը քիչ էր, քիչ էին նաև հետազոտությունները: Սա լավագույն ցուցիչն է այն իրողության, որ այն հետաքրքիր չէր ադրբեջանցի հետազոտողների մեծ մասի համար: Ավելին, նույն խորհրդային տարիներին պաշտոնական Ադրբեջանի կողմից քանդվել են ԱդրՍՍՀ Քելբաջարի, Լաչինի շրջաններում գտնվող բազմաթիվ եկեղեցիներ, վանքեր, ջարդվել են տասնյակ խաչքարեր և տապանաքարեր: Եվ ոչ մի արձագանք ադրբեջանցի գիտնականների կողմից:

Նշենք, որ խորհրդային տարիներին ադրբեջանական իշխանությունները արհեստական խոչընդոտներ, արգելքներ էին ստեղծում միայն հայ հետազոտողների համար, որոնց համար վտանգավոր էր աշխատել հայաթափված շրջաններում՝ Քարվաճառ, Քաշաթաղ և այլն: Խորհրդային տարիներին ԼՂԻՄ-ում որոշ աշխատանքներ կարողացել են կատարել միայն անհատներ: Անհնար էր խոսել հայկական արշավախմբերի մասին:

Խորհրդային տարիներին ԼՂԻՄ տարածքում գտնվող հուշարձաններից շատերը չէին անձնագրավորվել, փաստաթղթեր չէին կազմվել: Խորհրդային Ադրբեջանի զբոսաշրջային գրքույկներում ԼՂԻՄ-ի քրիստոնեական հուշարձանները գրեթե ներկայացված չէին, Խորհրդային Ադրբեջանի զբոսաշրջային քարտեզում ներառված էին միայն Շուշիի իսլամական հուշարձանները:

Հոդվածում առանձին կերպով խոսվում է «աղվան-ուդի» գիտնականների մասին, ում ևս իբր հայկական կողմը հնարավորություն չէր տալիս հետազոտություններ իրականացնել: Այս դիտարկումը առնվազն տարակուսելի է: Այդ ի՞նչ աղվան-ուդի գիտնականներ կային, որոնց թույլ չէր տրվում աշխատել:

Շատ վտանգավոր թեզեր են պարունակում աղվանա-ուդիական կրոնական համայնքի ղեկավար Ռաֆիկ Դանակարիի հայտարարությունները և մասնավորապես այն, որ որոշ եկեղեցիներ կոնսերվացվելու են, որոշները՝ վերականգնվելու, իսկ որոշները կգործեն որպես թանգարան: Սրա տակ պետք է վստահաբար հասկանալ մի բան, որ վերականգնման քողի ներքո ջնջվելու են հայերեն արձանագրությունները, խաչային ու խաչքարային հորինվածքները, խաչքարերը, ինչն արվել է, երբ խորհրդային տարիներին ադրբեջանական կողմը փորձում էր «վերականգնել և աղվանացնել» հուշարձանները:

«Վերականգնված և պատմական տեսքի»  բերված հուշարձաններից է Վանքասար լեռան գագաթին գտնվող եկեղեցին, որի վրայից քերվել են հայերեն արձանգրությունները, խաչանշանները, անհետացել են շրջակա խաչքարերը, իսկ մեկը Աղդամում թանգարայնացվել էր՝ եղծվելով: Եկեղեցին կրել է արտաքին փոփոխություններ, որոնք բնորոշ չէին առհասարակ վաղքրիստոնեական ճարտարապետությանը:

Այսպիսով, կարող ենք տեսնել, որ ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ադրբեջանցի գիտնականներին ներկայացնել որպես տուժող կողմ, զոհ, ում հայերը արգելում էին խորհրդային տարիներին հետազոտել Արցախը»։

Նմանատիպ նյութեր