211652_close_icon
views-count802 դիտում article-date 10:35 03-12-2023

Մարդու իրավունքների պաշտպանը ուղերձ է հղել հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ

Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ։

Ամբողջ աշխարհում դեկտեմբերի 3-ը նշվում է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր:

Որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն իրականացնող պաշտոնատար անձ՝ ցանկանում եմ հիշեցնել պետության հանձնառությունը՝ ապահովելու, պաշտպանելու և աջակցելու հաշմանդամություն ունեցող անձանց` այլ անձանց հետ լիարժեքորեն և հավասարապես օգտվելու մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից՝ ապահովելով հարգանքը նրանց արժանապատվության նկատմամբ:

Չնայած պետության կողմից ձեռնարկվող քայլերին՝ հաշմանդամություն ունեցող անձինք իրենց իրավունքներն իրացնելիս շարունակում են հանդիպել բազմաթիվ խոչնդոտների և խնդիրների, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրաձայնվել են զեկույցներում, հայտարարություններում, տարբեր միջազգային և ներպետական հանդիպումների ժամանակ, արձանագրվել և հասցեագրվել են պետական իրավասու մարմիններին:

Վերահաստատում եմ այն դիրքորոշումը, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների երաշխավորումը պետք է հիմնված լինի նրանց արժանապատվության հարգման, զարգացման հնարավորությունների, հանրային կյանքում մյուսների հետ հավասար պայմաններով ներգավվածության, որոշումների կայացման գործընթացում ինքնուրույնության, միջավայրային մատչելիության ապահովման սկզբունքներրի վրա:

Պետական իրավասու մարմինները պետք է առաջնորդվեն այն ընկալմամբ, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների երաշխավորումը սահմանադրորեն ամրագրված պետության` այլընտրանք չունեցող պարտավորություն է:

Օգտագործելով այս օրվա խորհուրդը` ցանկանում եմ ևս մեկ անգամ հիշեցնել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու մեր հավաքական պատասխանատվության մասին:

Նմանատիպ նյութեր