211652_close_icon
views-count97578 դիտում article-date 11:16 05-12-2023

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. բախվել են «Բելառուս 82» տրակտորն ու Ваз 2109-ը. Հնդկաստանի 4 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցներ. վիրավորներից 2-ին մինչ բժիշկների ժամանումը օգնություն են ցուցաբերել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. բախվել են «Բելառուս 82» տրակտորն ու Ваз 2109-ը. Հնդկաստանի 4 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցներ. վիրավորներից 2-ին մինչ բժիշկների ժամանումը օգնություն են ցուցաբերել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Մխչյան-Դիտակ գյուղամիջյան ճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչներ 43-ամյա Գաբրիել Վ.-ի վարած Ваз 2109 մակնիշի ավտոմեքենան և 48-ամյա Գեղամ Խ.-ի վարած «Բելառուս 82» մոդելի 1605AX  կցորդիչով տրակտորը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 09-ի ուղևորներ, Հնդկաստանի հանրապետության քաղաքացիներ 21-ամյա Մոհիդի Ումարը, 19-ամյա Դինեշ Գումնարամը և 32-ամյա Տրիլոգ Մոդիլարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորը, ով նույնպես Հնդկաստանի հանրպետության քաղաքացի է, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար  Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները:
 
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Մուշեղ Վարդանյանն ու Հրանտ Գրիգորյանը: 

Վիրավորներից 2-ին մինչև շտապօգնության ժամանումը պարեկները իրենց ավտոմեքենայում պահվող դեղատուփից անհրաժեշտ բժշկական պարագաներով օգնություն են ցուցաբարել ապա օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները նրանց տեղափոխել են հիվանդանոցներ: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վաչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանն ու ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը: 

Վթարի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչկան խումբը՝ վարչության պետ Վահե Միրզոյանի, մարզային վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է  քրեական վարույթ: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տրակտորը բարձված է եղել ցախով, երբ 09-ը մխրճվել է նրա հետնամասում, ինչի հետևանքով 09-ը վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ ողջ վառելափայտը թափվել ու լցվել է ճանապարհով մեկ: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր