211652_close_icon
views-count57764 դիտում article-date 11:36 02-01-2025

Արտակարգ դեպք՝ Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ․ մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարություններով․ 3 վիրավորներից 2-ին մինչ շտապօգնության ժամանումը օգնություն են ցուցաբերել պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 1-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություններ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ վիրավոր քաղաքացիներ կան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու հերթապահ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և դասակի հրամանատարի տեղակալ Խաչատուր Էլոյանի գլխավորությամբ։

Տեղում պարեկները եկեղեցու հարևանությամբ հայտնաբերել են 2 վիրավոր քաղաքացու՝ գետնին ընկած։ Պարեկները ահազանգել են «Աբովյան» բժշկական կենտրոն ու մինչ կժամաներ շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը (ովքեր բավականին օպերատիվ են հասել դեպքի վայր), պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող դեղատուփից օգտագործել են անհրաժեշտ բժշկական պարագաներ, առաջին բուժօգնությունn են ցուցաբերել վիրավորներին, ապա ժամանած շտապօգնությունը նրանց տեղափոխել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Պարեկները տարածքը սահմանազատել են։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյանը և բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանը։

Պարեկներն ու ոստիկանները եկեղեցու դիմաց և եկեղեցու հարևանությամբ հայտնաբերել են արնանման հետքեր և գլխարկ։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին բժիշկները հայտնել են, որ վիրավորները  ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում են վիրահատարանում։

Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերգեյ Ավագյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 17։00-ի սահմաններում դանակահարության հետևանքով «կրծքավանդակի աջ հետին կողմնային պատի կտրած, ծակած թափանցող վիրավորում, պնևմոթորակս, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Լևիկ Ստեփանյանը, «գլխի գագաթային շրջանի սալջարդ վերք, ձախ հետույքային շրջանի և ձախ ազդրի դրսային մակերեսի կտրած, ծակած վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ 22-ամյա Արմեն Գինոսյանը և «գլխի գագաթային շրջանի սալջարդ վերք, կրծքավանդակի ձախ կողմնային պատի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ 25-ամյա Արման Աբրահամյանը։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ու մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբն ու փորձաքրեագետը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչության և ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տղեկություներն իրացնելիս ապա ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ պարզում են, որ նույն օրը ժամը 17։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտակայքում վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչ 24-ամյա Սմբատ Առաքելյանի, Արմեն և Արման Գինոսյանների, մի կողմից Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Ալբերտ Սայանի, հիվանդանոց տեղափոխված Լ․ Ստեփանյանի, Կոտայքի մարզի բնակիչներ 22-ամյա Վարդան Կարապետյանի և 24-ամյա Մարտին Անտոնյանի միջև, որի ընթացքում վիճաբանությունը վերածվել է փոխադարց հարվածների՝ իրար տալով հայհոյանքներ, ինչի հետևանքով ստացված օպերատիվ տեղեկություններով հիվանդանոց տեղափոխվածներից մեկը իր մոտ եղած սուր կտրող, ծակող առարկայով հարվածել է Արմեն Գինոսյանին, իսկ վերջինն էլ հարվածել է Լ․ Ստեփանյանին։ Մյուս վիրավորը ո՞ւմ հարվածից է վիրավորում ստացել՝ պարզվում է։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր