211652_close_icon
views-count26948 դիտում article-date 16:38 07-12-2023

Հերթական խոշոր եղջերավոր անասունների գողության դեպքը՝ Արագածոտնի մարզում. տարել են գյուղացու 4 հորթերը, իսկ Աշտարակի ոստիկանները, ինչպես նախորդ դեպքերում, դեռ փնտրում են գողին կամ գողերին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 3-ին հերթական անասնագողության դեպքն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այդ օրը ժամը 10:30-ի սահմաններում Փարպի գյուղի բնակիչ 63-ամյա Սեյրան Կ.-ն ահազանգել Է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին և հայտնել, որ Աշտարակ-Օշական ավտոճանապարհին գտնվող իրեն պատկանող անասնագոմից իր անասունները գողացել են:

Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ: 

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Քասյանի գլխավորությամբ: 

Տեղում Սեյրան Կ.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ դեկտեմբերի 2-ի ժամը 23:00-ից միչև դեկտեմբերի 3-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում Աշտարակ քաղաքի Մաշտոցի փողոցի 153 հասցեում գտնվող իրեն պատկանող անասնագոմի պատուհանը կոտրելու և պատը քանդելու միջոցով անհայտ անձը կամ անձինք մուտք են գործել ներս և այնտեղից գողացել իրեն պատկանող 4 հորթերը: 

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սա առաջին դեպքը չէ, որ Արագածոտնի մարզում խոշոր եղջերավոր անասունների գողություն է տեղի ունենում: Ցավոք մեծ մասը մնում է չբացահայտված, ինչն էլ հավանաբար բացում է գողերի ախորժակը ու շարունակում են իրենց սև գործը՝ քրտինքով ապրող գյուղացիների անասունները գողանալով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր