211652_close_icon
views-count1099 դիտում article-date 12:33 08-12-2023

Պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը պետբյուջե է վերականգնել նախկինում չվճարված 413 մլն դրամը

Հ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող մի քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության աշխատակիցների իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նոր դեպքը։

 Մասնավորապես, նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սուրճի, ձեթի, մակարոնի և պարենային այլ ապրանքների առևտրով զբաղվող «Պ.Ֆ.» ՍՊ ընկերության պատասխանատու անձինք, պակաս հարկեր վճարելու նպատակով, խախտելով ՀՀ հարկային օրենսգրքի պահանջները, 2021 թվականի հունվար ամսից մինչև 2022 թվականի օգոստոս ամիսը ներառյալ թաքցրել են ընկերության շուրջ 1 130 000 000 ՀՀ դրամի շրջանառությունը, վաճառքներ իրականացնելիս դուրս չեն գրել հարկային հաշիվներ և չեն տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ, իսկ հարկային մարմին ներկայացված հաշվարկներում մտցրել են խեղաթյուրված տվյալներ։

Կատարված հարկային պարտավորությունների հաշվարկի համաձայն՝ հիշյալ ժամանակահատվածում պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 358 000 000 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկ և շահութահարկ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է նոր քրեական վարույթ։

Նախաքննությամբ ձեռք բերված անհերքելի փաստերի ներքո «Պ.Ֆ.» ՍՊ ընկերության տնօրենն ընդունել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հանգամանքը և ամբողջությամբ պետական բյուջե է վերականգնել նախկինում չվճարված հարկի գումարը և հաշվարկված տույժերը, որոնք ընդհանուր կազմել են շուրջ 413.000.000 ՀՀ դրամ։

Նմանատիպ նյութեր