211652_close_icon
views-count36529 դիտում article-date 12:43 10-12-2023

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ Վայոց ձորի մարզի վաշտի պարեկները շարունակում են պայքարը թմրամոլության դեմ. կրտսեր պարեկներին չկարողացան մոլորեցնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 9-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի  վաշտի 2-րդ դասակի կրտսեր պարեկներ Կարեն Պողոսյանն ու Արկադի Աբրահամյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 146 կմ հատվածում ստուգման նպատակով կանգնեցրել են Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները, մոտենալով ավտոմեքենային, նկատել են, որ առջևի ուղևորը դուռը բացել է, և իր դռան պահոցում նկատել են սպիտակ, թղթե փաթեթ և 1 հատ ծխախոտի գլանակ։

Պարեկների մոտ կասկած է առաջացել և ստուգման նպատակով խնդրել են, որպեսզի ուղևորը հայտնի, թե ինչ է փաթեթում և ծխախոտի գլանակի մեջ։

Ուղևորը, ով Գ. Շամշյանի տեղեկություններով Սյունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Գ.Ս.-ն է, վերցրել է թղթե փաթեթը և բացել, որի միջից թափվել է չորացված, մանրացված, դեղնականաչավուն բուսական զանգված, իսկ ծխախոտի գլանակը կոտրել և գցել է գետնին։

Այդ ամենից հետո թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վարորդ, Սյունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Գ.Տ.-ն և ուղևոր Գ.Ս.-ն պարեկների կողմից ձերբակալվում և տեղափոխվում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայքի բաժին։

Արդեն տեղում Գ.Ս.-ի անձնական խուզարկությամբ օրենքով արգելված իրեր, առարկաներ, նյութեր չեն հայտնաբերվում։

Իսկ արդեն Ոստիկանությունում Գ.Ս.-ն հայտնում է, որ պարեկների կողմից նշված ավտոմեքենան կանգնեցնելուց հետո իր կողմից գետնին նետված փաթեթը և ծխախոտի գլանակը պատկանում են իրեն, փաթեթում եղել է մարիխուանա տեսակի թմրամիջոց, որից, մինչև նշված վայր հասնելը, ճանապարհին ինքը լցրել է գլանակի մեջ և ծխելու միջոցով օգտագործել։

Ոստիկաններն ունեն կասկածներ, որ նա թմրամիջոց է հյուրասիրել նաև վարորդ Գ.Տ.-ին: Արդեն անձնական խուզարկությամբ Գ.Տ.-ի մոտ հայտնաբերվում է ապակե կաթոցիչ՝ ներսի պատերին սևացած, մոխրացած ծխուկի հետքերով, որը կազմել է մոտ 2.72 գրամ։ Իսկ տաբատի գրպանում հայտնաբերվում է մետաղական ծալովի դանակ, սպորտային վերնազգեստի գրպանում՝ դեղնականաչավուն չորացված, մանրացված հատիկներ։ 

Գ.Տ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն և նախատեսված է եղել ծխելու միջոցով թմրամիջոց օգտագործելու համար։

Դեպքի փաստով Ոստիկանության Վայքի բանում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք Գ.Տ.-ի ու Գ.Ս.-ի հետ ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն։

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր