211652_close_icon
views-count60886 դիտում article-date 22:20 25-12-2023

Արմավիրի մարզի ոստիկանների պրոֆեսիոնալիզմը տվեց իր արդյունքը․ մինչ որոշ օգտատերեր մեղադրում էին դպրոցին, ոստիկանները հայտնաբերեցին կատարողներին, ովքեր գողությունը թաքցնելու նպատակով դպրոցը հրկիզել էին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ը դեկտեմբերի 19-ին ֆոտոռեպորտաժ է հրապարակել «Արմավիրի տեխնիկական դպրոց» ՍՊԸ-ի տարածքում տեղի ունեցած խոշոր հրդեհից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը արդեն համացանցում որոշ օգտատերեր մեկնաբանություններ էին գրում ու մեղադրում նշվապ ՍՊԸ-ի ղեկավարությանը, որ հրդեհի պատճառն անփութությունն է եղել, որ անուշադիր են գտնվել, ժողովրդի լեզվով ասած, «տիրություն չեն արել» ու կրակն իր «սև գործ»-ն է արել։ Ու մինչ համացանցում որոշ «վայ, ծակ պրոֆեսոր» օգտատերեր այդ հարցն էին քննարկում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Արթուր Բդոյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի, ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանի գլխավորությամբ, իրականացնելով հսկայածավալ, ճիշտ և գրագետ աշխատանքներ, այնուհետև ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ տեղի ունեցածը ոչ թե անզգուշության հետևանքով է, այլ կատարվել է գողություն ու հետքերը թաքցնելու համար հրկիզել են ՍՊԸ-ն։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ դեկտեմբերի 15-ին, ժամը 14։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչներ 17-ամյա Ս․ Ս․-ն, 19-ամյա Ա․ Հ․-ն և 17-ամյա Ս․ Ա․-ն մուտք են գործել նշված ՍՊԸ-ի մասնաշենք, կոտրել, տեղահան են արել և վնասել մի քանի սենյակներում առկա գույքը, դռները, կահույքը ու դրա ապակիները և համակարգիչները, իսկ նույն վայրից գողացել են մի քանի համակարգիչներ, հեռադիտակ և այլ իրեր ու այդ ամենն անելուց հետո Ս․ Ա․-ն հետքերը վերացնելու նպատակով հրկիզել է մասնաշենքը, ինչի հետևանքով 4 աշխատասենյակների գույքն ամբողջությամբ այրվել է ու, եթե հրդեհի օրը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարները օպերատիվ չգործեին ու չկանխեին կրակի տարածումը, ապա ամբողջ շենքը վերածվելու էր մոխրակույտի։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի ոստիկանները հայտնաբերել են ոչ միայն կասկածյալներին, այլև այնտեղից գողացված գույքը։

Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից էլ նրանց և գողացված ապրանքները ներկայացվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN com-ը, դեկտեմբերի 19-ին խոշոր հրդեհ  էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր  ստացվել, որ Արմավիր քաղաքում՝ Բաղրամյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող «Արմավիրի տեխնիկական դպրոց» ՍՊԸ-ի առաջին հարկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր էին ժամանել Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանն ու ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը։ Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ։ Պարեկները սահմանազատել էին տարածքը և տեղում իրականացրել հերթապահություն։ Պարզվել էր, որ շենքի չշահագործվող սենյակներից մեկում այրվել էր աղբ (մոտ 10 խ.մ), իսկ շահագործվող հատվածում՝ սենյակ՝ գույքով (մոտ 10 ք.մ): Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժողներ չէին եղել։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր