211652_close_icon
views-count1090 դիտում article-date 20:51 30-12-2023

ՄԻՊ-ի աշխատանքի առանցքային ուղղություններից է ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը. Անահիտ Մանասյանն ամփոփել է տարին

Մարդու իրավունքների պաշտպանը 2023 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում ստացել է ընդհանուր՝ ավելի քան 12 հազար բողոք: 1700-ից ավելի գործերի դեպքում Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել են անձանց խախտված իրավունքները: Իրականացվել է ավելի քան 300 այց:

Մասնավորապես, իրականացվել է՝

շուրջ 40 այց ՀՀ սահմանմերձ բնակավայրեր, զորամասեր, զինվորական հաստատություններ, հոսպիտալներ,

շուրջ 60 այց Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման շրջանակում` քրեակատարողական հիմնարկներ, հոգեկան առողջության կենտրոններ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժիններ, ձերբակալվածներին պահելու վայրեր և այլ փակ հաստատություններ,

շուրջ 120 այց քրեական արդարադատության ոլորտում անձանց իրավունքների պաշտպանության նպատակով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ձերբակալվածներին պահելու վայրեր, քննչական մարմիններ, քրեակատարողական հիմնարկներ,

շուրջ 15 այց քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության ոլորտում անձանց իրավունքների պաշտպանության նպատակով՝ տուն-ինտերնատ, երեխաների աջակցության կենտրոն, մանկատուն և այլն,

շուրջ 30 մշտադիտարկման այց կոնվենցիոն մանդատների ապահովման շրջանակներում` մանկատներ, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններ, դպրոցներ, մանկապարտեզներ,

ինչպես նաև աշխատանքային բնույթի ընթացիկ այլ այցեր։

Այցերի արդյունքները, ուսումնասիրությունները և վերլուծությունները` արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին ներկայացվել են պետական իրավասու մարմիններին։

Իրականացված մշտադիտարկումների ընթացքում վեր հանված խնդիրներն արձանագրվել են նաև Պաշտպանի կողմից հրապարակված զեկույցներում։

Մասնավորապես, հունվարի 1-ից դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում Պաշտպանը հրապարակել է 11 զեկույց։

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները քննարկվել են նաև Պաշտպանին առընթեր գործող խորհուրդների նիստերի ընթացքում։ Մասնավորապես՝ հաշվետու ժամանակահատվածում խորհրդի 13 նիստ է անցկացվել․

• Երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով խորհրդի 5 նիստ,

• Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի 2 նիստ,

• Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի 2 նիստ,

• Կանանց իրավունքների հարցերով խորհրդի 2 նիստ,

• Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի 1 նիստ,

• Ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով խորհրդի 1 նիստ:

Հարկ է հատուկ շեշտադրել, որ Պաշտպանին առընթեր Ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով խորհուրդը ստեղծվել է 2023 թվականին Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ:

Խորհուրդը նպատակ ունի ազգային փոքրամասնությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքի արդյունքում նպաստել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությանը և խթանմանը։

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում խնդիրների արդյունավետ լուծումը ենթադրում է, ի թիվս այլնի, մարդու իրավունքների ազգային այլ հաստատությունների, ոլորտի միջազգային կառույցների ու կազմակերպությունների հետ սերտ և արդյունավետ համագործակցություն։ Այդ համատեքստում հաշվետու ժամանակաշրջանում Մարդու իրավունքների պաշտպանը և աշխատակազմը իրականացրել են շուրջ 90 բարձրաստիճան հանդիպումներ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ 2023 թվականի ընթացքում ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար, այնպես էլ աշխատակազմի կողմից անց են կացվել վերապատրաստման դասընթացներ և հանդիպում- քննարկումներ:

Հունվարի 1-ից դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ Պաշտպանը ներկայացրել է գրավոր 90 կարծիք։ Հրապարակվել է 5 իրավական դիրքորոշում իրավունքներին վերաբերելի տարբեր խնդիրների առնչությամբ, ՍԴ է ուղարկվել 4 հատուկ կարծիք, կայացվել է քաղաքացիների իրավունքների խախտման 3 որոշում, առկա է Սահմանադրական դատարանի կողմից 1 բավարված դիմում:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքի առանցքային ուղղություններից է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը։ Ադրբեջանի գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման վիճակը տեղում դիտարկելու նպատակով սեպտեմբերի 24-ից սկսած՝ Պաշտպան Անահիտ Մանասյանը և Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն իրականացրել են այցեր Կոռնիձորում, Վայքում և Գորիսում տեղակայված հաշվառման կենտրոններ, առանձնազրույցներ են ունեցել շուրջ 350 բռնի տեղահանվածների հետ:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման վիճակը տեղում դիտարկելու նպատակով Պաշտպանի այցերը կրել են շարունակական բնույթ։ Պաշտպանն ինչպես անձամբ, այնպես էլ Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի, ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պիա Կաումանի և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլանի հետ համատեղ այցելել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարաններ։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության նպատակով, Պաշտպանի աշխատակազմում ձևավորված աշխատանքային խմբի կողմից՝ 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, դրական լուծում է ստացել ավելի քան 1100 դիմում, որոնք վերաբերել են սոցիալ-տնտեսական օգնություն ստանալուց մինչև բնակարանային ապահովմանը և այլն։

 

Նմանատիպ նյութեր