211652_close_icon
views-count1162 դիտում article-date 14:36 07-01-2024

Թուրքիան հույս ունի 2028 թ․ իրականացնել Զանգեզուրի միջանցքի նախագիծը․ Ուրարօղլու

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն թուրքական tvnet հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Թուրքիան հույս ունի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» նախագիծն իրականացնել 2028 թվականին։ Փոխանցում է News.am-ը։

Ըստ նրա, «Զանգեզուրի միջանցքի ադրբեջանական հատվածը, որը սկսվում է Բաքվից մինչև Հորադիզ, մոտ է ավարտին»։
Թուրք նախարարն ասել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թուրքական հատվածի երկարությունը 224 կմ է, իսկ, ընդհանուր առմամբ, ստեղծման ողջ գործընթացը կտևի 5 տարի։

Ուրարօղլուի հաղորդմամբ, շինարարությունը դեռ շարունակվում է «Հորադիզից Օրդուբադ ընկած հատվածում, բացառությամբ այն հատվածի, որն անցնում է հայկական տարածքով»։

Ինչպես հայտարարել է թուրք նախարարը, անհրաժեշտ է նաև վերականգնողական աշխատանքներ իրականացնել Նախիջևանը Թուրքիայի հետ կապող ճանապարհին։ Դրա երկարությունը մոտ 100 կմ է, իսկ այս տարի կսկսվի նշված երթուղու շարունակությունը հանդիսացող Իգդիր-Կարս երկաթուղու շինարարությունը։

Միևնույն ժամանակ, Ուրարօղլուն պնդում է, որ վերջին շրջանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից «դրական ազդակներ» են եղել՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։

Ըստ նրա, «Զանգեզուրի միջանցքի հայկական հատվածը» մոտ 43 կմ է, և «միջանցքն» ամբողջությամբ ավարտելու համար պետք է պլանային աշխատանքներ և մրցույթներ իրականացվեն։

Նա հավելել է, որ Զանգեզուրի միջանցքի շնորհիվ Թուրքիան ուղիղ ելք կունենա դեպի «թյուրքական աշխարհի» երկրներ։

Ուրարօղլուն հիշատակել է նաև Իրանի առաջարկը՝ իր տարածքով Թուրքիան Ադրբեջանին կապող ճանապարհ կառուցել, մինչդեռ, ըստ նրա, Թուրքիան, այնուամենայնիվ,  կիրականացնի «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, բայցև «չի առարկում» Իրանի մասնակցությանը՝ որպես այդ հանգույցի մաս։

Նմանատիպ նյութեր