211652_close_icon
views-count1258 դիտում article-date 15:39 08-01-2024

Որոշումները կայացվում են ոչ թե դատարաններում, այլ ամառանոցներում՝ խմիչքի ազդեցության ներքո. Մամիջանյան

Սա դատական նիստ չէ, սա Փաշինյանի պատանեկան վախերի իրացումն է եւ քաղաքական իր համար ամենավախենալի ախոյաններից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելն է: Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով, այսօր պաշտպանական թիմը դիմելու է Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու համար՝ ներկայացնելով երաշխավորների լայն սպեկտոր, այդ թվում նաև միջազգային։ «Արտերկրից երաշխավորել է Կոլումբիայի նախկին նախագահը՝ Անդրեաս Պաստրանան, երկրորդ անգամ արդեն, նա նաև կենտրոնամետ դեմոկրատների նախագահն է։ Նաև Վրաստանի նախկին ԱԳ նախարարը՝ Գեորգի Ծերեթելին, ով նաեւ եղել է ԵԱՀԿ ԽՎ նախագահը: Հայաստանից երաշխվորություն են տվել Խոսրով Հարությունյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը, Ասպրամ Կրպեյանը, Տիգրան Աբրահամյանը, Աննա Մկրտչյանը եւ ես»,-ասաց նա։

Մամիջանյանի խոսքով, դատարանի որոշումները կայացվում են դատարանի այս շենքից շատ ավելի հեռու՝ հրապարակում կամ ամառանոցներում՝ այս կամ այն խմիչքի ազդեցության ներքո:

Ըստ Մամիջանյանի՝ Փաշինյանը ատելություն ունի ցանկացած ազգայինի հանդեպ։ «Ինչ եկել է իշխանության, պայքարում է ազգային կուսակցությունների և հիմա արդեն եկեղեցու դեմ։ Հայ ժողովուրդը առաջին անգամ Ամանորին չլսեց Վեհափառ տիրոջ օրհնանքը եւ ուղերձը։ Սա լավագույն ցուցիչն է հասկանալու, թե ինչ է ուզում վերացնել Փաշինյանը: Նա ուզում է վերացնել հայությունը, հայկականությունը, մեր պետականությունը»,-ասաց նա։
Պատասխանելով վերջին օրերին նորակառույց մարզադահլիճներում կատարված Փաշինյանի շրջայցների վերաբերյալ հարցին՝ Հայկ Մամիջանյանն ասաց. «Եթե իրար հետ համեմատել սահմանների անվտագությունը, բանակի առկա վիճակը, պայմանագրային և ժամկետային զինծառայողների ծառայության պայմանները, ապա դրանք պակաս կարևոր են Փաշինյանի կարծիքով, քան դուշը: Մի բլոգեր կա՝ Հայկ Չախոյանը, կարծում եմ՝ ինքն ու Փաշինյանը նույն արդյունավետությունն ունեն: Իսկ եթե արդյունավետությունը նույնն է, ապա ինչու վճարել ավելին»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նա նշեց, որ իրեն դուր է եկել սոցցանցերում տարածված կատակը. «Իրոք, դուշով վարչապետ է ինքը: Երեւի իր հաջորդ բանաստեղծությունը, որ գրելու է, լինելու է, «հայեր ջան, դուշով»:

Նշենք, որ այսօր՝ հունվարի 8-ին, դատարանում ընթանում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, Մարթա Սիմոնյանի, Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի, Համալսարանի գլխավոր հաշվապահ Լարիսա Պարսեղյանի, ՍՊԸ տնօրեն Ռոլան Դավթյանի գործով դատական նիստը։

Նրանք մեղադրվում են «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված կոռուպցիոն չարաշահումների, վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների եւ փողերի լվացման մեջ։ Նշենք, որ Արմեն Աշոտյանը տևական ժամանակ է՝ կալանքի տակ է։

Նմանատիպ նյութեր