211652_close_icon
views-count964 դիտում article-date 18:07 15-01-2024

Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի համակարգող Ռիչարդ Նեֆյուին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստան ժամանած՝ ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգող Ռիչարդ Նեֆյուի գլխավորած պատվիրակությանը:

Պատվիրակության կազմում են եղել նաև ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգողի խմբի ղեկավար Քրիստեն Ֆրեսոնկը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL) տնօրեն Ալեքսիս Հաֆթվանը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հակակոռուպցիոն ոլորտում Գլխավոր դատախազության կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում ԱՄՆ-ի հետ համագործակցության զարգացման հեռանկարները:

Աննա Վարդապետյանը, մասնավորապես, անդրադարձել է Գլխավոր դատախազությունում 2020 թվականին ձևավորված՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության աշխատանքներին և գրանցված արդյունքներին: ՀՀ գլխավոր դատախազն այս համատեքստում ԱՄՆ գործընկերներին տեղեկացրել է, որ ներկայում Հակակոռուպցիոն դատարանում քննվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 94 հայցադիմում, որոնցով Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 1050 անշարժ և 210 շարժական շարժական գույք, շուրջ 280 իրավաբանական անձանցում մասնակցություն, ինչպես նաև ավելի քան 510 մլրդ դրամ (շուրջ 1 մլրդ 253 մլն ԱՄՆ դոլար): «Ունենք նաև հաջողության պատմություններ՝ հաստատված հաշտության համաձայնությունների տեսքով, որոնցով Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 6 անշարժ և 1 շարժական գույք, ինչպես նաև շուրջ 80 մլն դրամ»,- ընդգծել է հանրապետության գլխավոր դատախազն ու հավելել, որ կնքված հաշտությունների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 2 մլրդ 200 մլն դրամ (շուրջ 5 մլն 405 հազար ԱՄՆ դոլար):

Ռիչարդ Նեֆյուն շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքներն ու գործիքները ներկայացնելու համար և ընդգծել, որ Հայաստան կատարած այցի նպատակը հակակոռուպցիոն պայքարին աջակցելն է:

Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել ամերիկյան գործընկերների հետ Գլխավոր դատախազության փոխգործակցությունն ու դրա շրջանակում Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության և Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների մասնագիտական պատրաստվածության բարձրացմանն ուղղված աջակցությունը:

Աննա Վարդապետյանն ընդգծել է Գլխավոր դատախազության պատրաստակամությունը՝ ուղղված փոխգործակցության ընդլայնմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր