211652_close_icon
views-count961 դիտում article-date 20:03 19-01-2024

Խորվաթիայի ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումները

 Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Խորվաթիայի ԱԳ նախարարությունը՝ ամփոփելով երկու երկրների գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքները։

Խորվաթիայի ԱԳ նախարարը կարևորել է երկկողմ համագործակցությունը և գոհունակություն հայտնել հաստատված լավ խորհրդարանական և դատական ոլորտում հարաբերությունների համար: Ընդգծվել է նաև փոխադարձ շահագրգռվածությունը Խորվաթիայի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության ամրապնդման հարցում։

Նախարար Գրլիչ Ռադմանը նշել է երկրորդ տարին անընդմեջ դեպի Հայաստան արտահանման աճը՝ առանձնացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտային ենթակառուցվածքների, կանաչ և թվային տեխնոլոգիաների անցման, դեղագործական արդյունաբերության և ականազերծման ոլորտներում առկա ներուժը:

Նախարար Գրլիչ Ռադմանը նաև ընդգծել է Եվրոպական միության շարունակական աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և տևական խաղաղության հասնելու ջանքերին՝ հիմնված ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։

«Ուրախ եմ, որ Հայաստանը ճանաչում է ԵՄ-ի ջանքերը ամենաբարձր մակարդակով՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Բայց մեզ պետք են բոլոր մասնակիցների համատեղ ջանքերը։ Այս կապակցությամբ ես հատկապես ողջունել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումները՝ որպես խաղաղ համաձայնության հասնելու ուղղությամբ քայլեր»,- ընդգծել է նախարար Գրլիչ Ռադմանը։

Նմանատիպ նյութեր