211652_close_icon
views-count63313 դիտում article-date 17:14 23-01-2024

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. մի քանի ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները, ջրային պարեկներն ու քաղաքացիները Ծովակ գյուղի մոտ՝ Սևանա լճից դուրս են բերել ջրահեղձ եղած 36-ամյա տղամարդու դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել Ծովակ գյուղի գյուղապետից, ով հայտնել է, որ Ծովակ բնակավայրի մոտակայքում՝ Սևանա լճում, քաղաքացին ջրահեղձ է եղել, դին դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը և ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Արմենակ Մուրադյանը:

Քաղաքացու որոնողական աշխատանքներին մասնակցել են փրկարարները, ջրային պարեկներն ու քաղաքացիները:
Մի քանի ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում քաղաքացիները ափից 300-400 մետր հեռավորությունից ու մոտ 5 մետր խորությունից դուրս են բերել դին, ապա մոտեցրել ափին, այնուհետև փրկարարները պատգարակով դին մոտեցրել են դիատարին:

Ահազանգով դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Ծովակ գյուղի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանն է:

Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր