211652_close_icon
views-count1735 դիտում article-date 18:57 25-01-2024

Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային առաջին մրցաշարին կմասնակցեն Հայաստանի բռնցքամարտի նորընծա չեմպիոնները

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը գոհ է ներքին առաջնության եզրափակիչ մենամարտերում գրանցված արդյունքներից:

«Ծանր քաշային կարգերում մի քանի նոր անուններ ի հայտ եկան, որոնք կհամալրեն Հայաստանի հավաքականի կազմը: Սակայն նրանք չեն ընդգրկվի օլիմպիական քաշային կարգերում: Եզրափակիչներից հետո կարող եմ ասել, որ գոհ եմ: Ցանկանում եմ ընդգծել, որ կարևոր քաշային կարգերի առաջատարները, այսօր չպետք է լինեն լավագույն մարզավիճակում, քանի որ մեկ ամիս անց նոր կմեկնարկի Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Աղամալյանը:

Վերջինիս խոսքով` Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր Հովհաննես Բաչկովը մեծ հավանականությամբ չի մասնակցի Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային առաջին մրցաշարին. Բաչկովը մի քանի ամիս առաջ է վիրահատել երկու ձեռքերը:

«Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային առաջին մրցաշարին կմասնակցեն Հայաստանի չեմպիոնները: Եթե նրանք հաջողության չհասնեն, ապա հնարավորություն կտրվի մյուս մարզիկներին ևս»,-ընդգծեց գլխավոր մարզիչը:

Աղամալյանն առանձնացրեց` բռնցքամարտիկները բարդ խնդրի առաջ են կանգնած, քանի որ վարկանիշային երկու մրցաշարերն էլ համաշխարհային էին և մրցաշարերին մասնակցելու են աշխարհի գրեթե բոլոր ուժեղագույն ընտրանիները: 

Բռնցքամարտի ընտրանին հունվարի 29-ից ուսումնամարզական հավաքի կմեկնի Ծաղկաձոր` նախապատրաստվելով վարկանիշային երկու մրցաշարի և Եվրոպայի առաջնությանը: 

Փարիզի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային առաջին մրցաշարը կկայանա Իտալիայում մարտի 4-11-ը և մայիսի 23-ից հունիսի 3-ը` Թայլանդում: 

Նմանատիպ նյութեր