211652_close_icon
views-count77353 դիտում article-date 17:15 07-02-2024

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևան-Սևան ավտոճանապարհի «Բոմբ» ակումբում. կան վիրավորներ. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, ատրճանակ և BMW մակնիշի ավտոմեքենա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 6-ին, վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաների սկզբնամասում գործող «Բոմբ» ակումբում մի խումբ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունենում և կան վիրավորներ։ Նմանիտիպ մեկ այլ տեղեկություն էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնում, որ ծեծկռտուքի մասնակիցները ակումբի սեփականատերերն են և նրանց ընկերները։

Ժամը 06։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին կրկին ահազանգ է ստացվել, որ «ձախ նախաբազկի կտրած վերք» ախտորոշմամբ նշված ակումբից իրենց մոտ է տեղափոխվել է Կոտայքի մարզի բնակիչ  30-ամյա Շմավոն Կ․-ն, ինչպես նաև շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել 28-ամյա Զառա Ա․-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Էդմոնդ Այվազյանը և նույն բաժնի Քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Պոլեյանը։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 05։00-ի սահմաններում վերը նշված ակումբում անհիմն ծագած վիճաբանության ժամանակ Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Արտյոմ Բ․-ն ծեծի է ենթարկել Զառա Ա․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք, որից հետո վերջինիս ձերբակալելու ժամանակ ընկերը՝ Շմավոն Կ․-ն գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ ձեռքին եղած գարեջրի շիշը կոտրել է և ինքնավնասում կատարել։

Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝  օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Արտյոմ Բ․-ին ոստիկանները տեղափոխել են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ ներկայացրել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեկան վարույթ։

Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, մեկնարկային լուսածիր ատրճանակ, գարեջրի շշեր, և BMW մակնիշի ավտոմեքենա, որը ըստ տեղեկություների կռվի մասնակիցներից մեկինն է։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր