211652_close_icon
views-count3115 դիտում article-date 09:52 10-02-2024

«Խաչատուր Սուքիասյանը, որ ասում է՝ փոխվել է երկիրը, Խաչատուր Սուքիասյանը չի փոխվել»․ Սաթիկ Սեյրանյան

«Երբ տաքսու վարորդին ասացի՝ լավ լուր ունեմ, հայտնի մականունով Խաչատուր Սուքիասյանը երեկ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը բավականին փորձ է ձեռք բերել այս տարիներին, 07։30-ից է սկսել գնալ աշխատանքի, նա զարմացավ ու չասեմ՝ ինչ բառեր ասաց։ Տաքսու վարորդն ասաց՝ եղանակները տաքանում են՝ մի կայծ է պետք, որ հասարակությունը դուրս գա»,-հարցին՝ ի՞նչ է այսօր ուզում հասարակությունը, «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում անցկացված «Հայաստանի հեռանկարը նոր տարածաշրջանում» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։

Ըստ նրա՝ հասարակությունը լավ հասկանում, տեսնում է, համեմատում է այս իշխանությունների գործողություններն ու խոստումները, թե ինչ էին խոստանում և որ հիմա անում են 180 աստիճան հակառակը։ Սաթիկ Սեյրանյանի համոզմամբ՝  ժողովրդին պետք է առաջնորդություն․ «Դա պետք է անեն քաղաքական ուժերը։ Մենք կարող ենք քննարկումներ անել, հարցեր բարձրացնել, տարբեր հարթակներ ձևավորել, բայց դա պետք է անեն քաղաքական ուժերը։ Ես պնդում եմ, որ հարցը քաղաքական է և պետք է լուծվի քաղաքական ճանապարհով»։ Սաթիկ Սեյրանյանը կարծում է՝ մարդկանց պետք է պատրանքներից ազատենք․ «Երբ ասում ենք՝ Ֆրանսիան գալու է, մեզ օգնի, Ֆիգարոյի փոխխմբագիրը մեզ հետ զրույցում ասաց՝ Ֆրանսիան չի գալու ձեզ համար կռվի, չի կարողանալու ձեր անվտանգությունը 5000 կմ-ի վրա ապահովել։ ԱՄՆ-ից էլ չեն գալու։ Արևմուտքում էլ շատ անկեղծ են։ Չեմ լսել որևէ գործիչ, կազմակերպության, միջազգային կառույց ասի՝ գալու եմ, անեմ։ Նույնիսկ տիկին Փելոսին թոշակի գնալուց առաջ ասաց՝ չենք կարող ոչինչ անել, դուք ընտրությունը պետք է կատարեք»։ Սաթիկ Սեյրանյանը վստահ է՝ ցանկացած բան կարող է կայծ դառնալ․ «Հասարակությանն առիթ է պետք։ Բայց քաղաքական ուժերն անելիք ունեն, որ երկիրը քաոսի չվերածվի։ Եթե ծրագիր, առաջնորդություն, տնային աշխատանք արած չեղավ, ինչպես ասում են՝ կարող է երկրի տակը փախչել։ Իսկ դա ձեռնտու է այս իշխանություններին և այս իշխանություններին ուղղորդող ուժերին՝ Թուրքիային և Ադրբեջանին»։

Սաթիկ Սեյրանյանը փաստեց՝ հասարակությունն ուզում է անվտանգ ապրել, իր աշխատանքով զբաղվել, քաղաքականությամբ քիչ զբաղվել։ Ուզում է նորմալ, անվտանգ ապրել իր երկրում։ Գնդակը ընդդիմադիր, քաղաքական ուժերի դաշտում է»։ Հարցին՝ ինչպե՞ս կոտրել այն մտածողությունը, որ հանրության շրջանում տարածվել է, թե նախկինում եղել է միայն թալան, Սաթիկ Սեյրանյանը պատասխանեց․ «Իմ զրուցակից վարորդն ասում է՝ նայեք Ալեն Սիմոնյանն ինչ հագուստով էր մինչև 2018-ը ու հիմա։ Մարդիկ հո կո՞ւյր չեն․ իրենց ճոխ խնջույքներն էլ, թալանն էլ տեսնում են։ Մարդիկ սա արդեն հասկացել են՝ այլևս դրանով չես կարող զարմացնել։ Խաչատուր Սուքիասյանը, որ ասում է՝ փոխվել է երկիրը, Խաչատուր Սուքիասյանը չի փոխվել։ Առաջին նախագահի իշխանության տարիներին Խաչատուր Սուքիասյանի կրակմարիչներն էլ են հիշում, անձնագրային լուսանկարներն էլ են հիշում, հիշում են, որ իրենց կազինոյում մարդ էին ծեծում, փոխնախարար էլ էին ծեծում։

Հիմա, երբ խոսում է, ասում է՝ ցեղասպանությունը մեր մեղքով է եղել, պետք է մոռանանք, որ երկիրը զարգացնեն, ես ասում եմ՝ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծ է ընդունել սենատում, դա Ֆրանսիայի զարգացմա՞նն է խոչընդոտել, թե՞ Թուրքիային է վնասել։ Այսինքն՝ եթե Սահմանադրությունից հանում ես Հայոց ցեղասպանության ճանաչումը, ՀՀ-ն զարգանալո՞ւ է։ Կեղծ նարատիվներից պետք է կարողանանք ձերբազատվել։ Քաղաքացին թալան և այլն տեսնում են։ Փաշինյանի ունեցվածքն էլ է տեսնում, դրսում իրենց ունեցած հաշիվներն էլ, իրենց կոռուպցիայի ծավալներն էլ»։ Սաթիկ Սեյրանյանի համար ընդունելի չեն Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ ԱԺ ամբիոնից արված հայտարարությունները․

«Փաշինյանն ԱԺ ամբիոնն օգտագործում է իր ընկալումները բարձրաձայնելու համար։ Ինքը կարող է տանը, Չալոյի կամ քայլականների հետ նստել, իր ընկալումներով կիսվել, բայց, երբ ԱԺ ամբիոնի մոտ բարձրաձայն մտածում է, բանալի բառեր բաց թողնում՝ մնացորդ երկիր, բանակ չկա, սրանք վտանգավոր են։ Հետո մեր երկրի դեմ են օգտագործվելու այս արտահայտությունները։ Մտածում էի՝ ընդդիմությունից որևէ մեկը մի շիշ կնետի, շշերը հավաքում են, կոշիկ կնետի․․․ես ուզում եմ՝ ռեակցիա լինի էնտեղից․ դրանք վտանգավոր բառեր են, հենց այնպես չի ասվում։ Պետք է ընդդիմությունը դուրս գար, թույլ չտար, որ դա լինի»։

Նմանատիպ նյութեր