211652_close_icon
views-count1057 դիտում article-date 08:18 08-03-2024

«Շաբաթն ուրբաթից շուտ եկավ». ընդդիմադիր «Միասին» շարժման ներսում տարաձայնություններ կան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ընդդիմադիր շարժման ներսում տարձայնություններ կան. հանրահավաք՝ առանց օրակարգի: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ձեւավորված «Միասին» այլընտրանքային հասարակական շարժման ներսում արշալույսներն այնքան էլ հանդարտ չեն. շարժման անդամները տարաձայնություններ ունեն իրար հետ:

Դեռ նախորդ տարի ընդդիմադիր մի շարք հասարակական ու քաղաքական գործիչներ ձեւավորեցին «Միասին» շարժում ու խոստացան ամեն ինչ անել՝ Փաշինյանի հրաժարականին հասնելու եւ Արցախի հարցը կրկին օրակարգ բերելու համար:

Շարժումը պարբերաբար ակցիաներ էր իրականացնում՝ իրենց ձեւակերպմամբ՝ «աթոռներից հեռացնելու օրվա ձախորդ կառավարությանը»:

Բայց, արի ու տես, «շաբաթն ուրբաթից շուտ եկավ», ու ոչ միայն Փաշինյանին հեռացնել չստացվեց, այլ շարժումն է կարծես փլուզման գնում:

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շարժման անդամները տարաձայնություններ ունեն մի շարք հարցերի շուրջ: Խոսքը, մասնավորապես, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի եւ ՍԴԿ նախագահ Արամ Սարգսյանի մասին է, որոնք, ըստ մեզ հասած տեղեկությունների, լուրջ տարաձայնություն են ունեցել՝ շարժման օրակարգի ու բովանդակության հետ կապված:

Բանն այն է, որ Էդգար Ղազարյանը Սարգսյանին ասել է, որ նմանատիպ ակցիաներն ու նույնաբովանդակ ելույթներն անիմաստ են, միայն մսխում են հանրային ռեսուրսը, ու պետք է նոր քայլեր ձեռնարկել:

Արամ Սարգսյանը, սակայն, համաձայն չի եղել նրա հետ, ինչից հետո, կարելի է ասել, շարժման անդամների ճանապարհները բաժանվել են։

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց նաեւ, որ Էդգար Ղազարյանը, որը վարում էր «Միասին» շարժման՝ փետրվարի 20-ին տեղի ունեցած ակցիան, շարժման հաջորդ ակցիաներին ներկա չէր:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց Էդգար Ղազարյանի հետ՝ պարզելու՝ ինչ տարաձայնություններ են ունեցել Արամ Սարգսյանի հետ, ու ինչու չի մասնակցում շարժման ակցիաներին։ Վերջինս չցանկացավ փակագծեր բացել, միայն նշեց.«Շարժման ակցիաներին կրկին կմիանամ միայն այն ժամանակ, երբ դրա օրակարգի ու բովանդակության հետ կապված հստակեցումներ լինեն»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր