211652_close_icon
views-count970 դիտում article-date 20:05 08-03-2024

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսսարի եւ խորհրդարանականների հետ

Պաշտոնական այցով Էստոնիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 7-ին հանդիպել է Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսսարի եւ խորհրդարանականների հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Ալեն Սիմոնյանը, ողջունելով գործընկերներին, շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերի եւ ջերմ ընդունելության համար:
ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Հայաստան-Էստոնիա երկկողմ միջպետական հարաբերությունները եւ կարեւորել միջխորհրդարանական կապերի շարունակական խթանումը:

«Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի անվերապահ աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանը»,- ասել է խորհրդարանի ղեկավարը:

Լաուրի Հուսսարին փաստել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների նկատելի արդյունքների եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների ակտիվացման մասին:

«Հայաստանը ժողովրդավար եւ վստահելի գործընկեր է մեզ համար: Էստոնիան պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացմանը»,- նշել է Էստոնիայի խորհրդարանի ղեկավարը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները, կարեւորել ԵՄ ներգրավվածությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում:

«Խաղաղության հաստատման ճանապարհին Հայաստանի համար կարեւոր են հիմնական երեք սկզբունքները՝ փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանազատումն ու սահմանագծումը` համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը:

Կողմերը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման, Հայաստան-Էստոնիա երկկողմ եւ բազմակողմ առեւտրատնտեսական եւ մշակութային համագործակցության, հայ-էստոնական միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները:

Խորհրդարանների նախագահների հանդիպմանը հաջորդել է Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի հետ աշխատանքային ճաշը:

Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում, շրջայց կատարել Էստոնիայի Հանրապետության Ազգային ժողովում:

Նմանատիպ նյութեր