211652_close_icon
views-count96503 դիտում article-date 12:25 21-03-2024

Զինված ավազակային հարձակում՝ Երևանում. տուժածը, ով գլխի մասում ստացել է վնասվածք, ԱՄՆ քաղաքացի է. դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ. ժամանել է Երևանի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 21-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պռոշյան փողոցում գլխի հատվածում վնասվածք ստացած քաղաքացի կա:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը: 

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավոր քաղաքացուն, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել: 

Ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Մովսիսյանի գլխավորությամբ: 

Տարածքը պարեկները սահմանազատել են, դեպքի վայրում էլ հայտնաբերել են ատրճանակ: 

Այս պահին ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններ՝ գլխի հատվածում վնասվածք ստացած վիրավորը ԱՄՆ քաղաքացի է:

Քիչ առաջ դեպքի վայր ժամանեց ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի գլխավորությամբ:
 
Տեղում բաժնի պետի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, ովքեր այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ճիվաղը քաղաքացուց հափշտակել է գումար, որի չափը ոստիկաններն ու քննիչները պարզում են: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 298+
298+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր