211652_close_icon
views-count985 դիտում article-date 12:59 31-03-2024

Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունը ԵՄ-ին կոչ է անում ապահովել հայ փախստականների անվտանգ և միջազգայնորեն երաշխավորված վերադարձը իրենց հայրենիք

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորների նախաձեռնությանը, որոնք  ԵՄ առաջնորդներին կոչ են արել առարկայական քայլեր կատարելու Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Միության տարածած հայտարարությունը։

«Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը վերջերս տեղեկացրել է Եվրոպական Խորհրդարանի մի խումբ պատգամավորներ նախաձեռնության մասին, որով վերջիններս դիմել են ԵՄ առաջնորդներին՝ առարկայական քայլեր կատարելու Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ։ 

Միրիամ Լեքսմանն իր համապատասխան գրառման մեջ խորը անհանգստություն է հայտնել առ այն, որ «Լեռնային Ղարաբաղում հազարամյա հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը գտնվում է ոչնչացման, պղծման և յուրացման անմիջական սպառնալիքի ներքո՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշման խիստ խախտմամբ»։ Պատգամավորը նաև արձանագրել է, որ 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո իր վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանն արդեն իսկ իրականացրել է հայկական հոգևոր կրոնական և ազգային մշակութային իրեղենների խեղման, պղծման և յուրացման լայնամասշտաբ արշավ։ 

Որպես հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրի լուծում՝  Եվրախորհրդարանի պատգամավորները առաջարկել են ԵՄ առաջնորդներին աջակցել հայկական մշակութային կոթողների վրա տեսախցիկների տեղադրմանը։ 

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունում է Եվրախորհրդարանի պատգամավորների անհանգստությունը՝ կապված Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության և մշակութային միջավարի պահպանության հետ։ Սակայն հարկ ենք համարում հիշեցնել, որ ադրբեջանական էթնոցիդի քաղաքականությունը սկսվել է, ոչ թե 2020 թ․ պատերազմից հետո, այլ շատ ավելի վաղ։ 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի տարածքից հարյուր հազարավոր հայերի բռնի տեղահանման և էթնիկ զտումներից հետո Ադրբեջանը համակարգային կերպով պղծել, խեղել և ոչնչացրել է այդ տարածքների հազարամյա հայկական պատմամշակութային միջավայրը, բացահայտ և անամոթաբար քարակույտերի վերածել համաշխարհային քրիստոնեական մշակույթի բազմաթիվ հազվագյուտ նմուշներ։ Այս քայլերի համար Ադրբեջանը երբևէ պատասխանատվություն չի կրել, ինչը միջազգային իրավապաշտպան համակարգի խոշոր թերացումն է։ 

Մյուս կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային կոթողների վրա տեսախցիկների տեղադրումը չի կարող երկարաժամկետ լուծում լինել այդ կոթողների հարատև կանգունությունը ապահովելու տեսանկյունից։ Այս առումով մենք խիստ կարևորում ենք Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի տարածքում հայկական մշակութային ժառանգության պարբերական մշտադիտարկումը և այդ օբյեկտների նկատմամբ միջազգային վերահսկողության և խնամակալության հաստատումը, քանի որ ադրբեջանական անվտանգային հավաստիացումները զրոյական են։ Իսկ իրականում հայկական ժառանգության միակ հուսալի պաշտպան կարող է լինել իր հայրենի բնակավայրեր վերադարձած հայությունը։

Որպես հայկական ժառանգության պահպանության վերջնական լուծում՝ մեզ համար ընդունելի է միայն միջազգային երաշխիքներով ապահով և արժանապատիվ վերադարձը Լեռնային Ղարաբաղ և պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի տարածք։ Ուստի, կոչ ենք անում  Եվրախորհրդարանի պատգամավորներին, ԵՄ առաջնորդներին օգտագործել իրենց մանդատը ապահովելու հայ փախստականության անվտանգ և միջազգայնորեն երաշխավորված վերադարձը իրենց հայրենիք»։

Նմանատիպ նյութեր