211652_close_icon
views-count868 դիտում article-date 23:24 02-04-2024

Ադրբեջանը կասկածի տակ է դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Փարիզում այսօրվա հանդիպմանը խոսել են նաև Հայաստանի տարածքային ամբողջականության մասին։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

Հանդիպմանը հաջորդած ասուլիսի ընթացքում ֆրանսիացի պաշտոնյան հայտարարել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն այսօր կասկածի տակ է դրվում Ադրբեջանի կողմից։ Նախարար Սեժուրնեն շեշտել է՝ մտահոգություն է հարուցում Ադրբեջանի հռետորաբանությունը, որը փորձում է կեղծ տեղեկատվություն տարածելով Հայաստանի վրա բարդել էսկալացիայի պատասխանատվությունը։

Բլինքենը Ֆրանսիա է այցելել Բրյուսել մեկնելուց առաջ, որտեղ ապրիլի 5-ին նախատեսված է իր, Եվրահանձնաժողովի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հանդիպումը։

Թեև տևական ժամանակ հայկական ու ադրբեջանական կողմերը հրադադարի խախտումների մասին տեղեկություններ չէին հաղորդել, Բաքուն վերջին օրերին պնդում էր, թե Հայաստանի բանակը սահմանի տարբեր հատվածներում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների «կուտակումներ և ակտիվ տեղաշարժեր է իրականացնում»:

Հայաստանի պաշտպանության նախարարությունն ի պատասխան, արդեն երկու անգամ հերքել է Բաքվի այդ պնդումներն՝ ընդգծելով՝ դրանք իրականությանը չեն համապատասխանում։

. Նախորդ շաբաթ օրը վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատել է՝ Հայաստանն ընդհանրապես իր միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքից դուրս որևէ հավակնություն չունի։

Նմանատիպ նյութեր