211652_close_icon
views-count58107 դիտում article-date 16:31 06-04-2024

Ողբերգական դեպք՝ Երևանում. 28-ամյա տղան ՌԴ-ից Հայաստան ժամանած բիզնեսմենի տանը աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել ու տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Տիչինայի փողոցի թիվ 151 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:  

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները նշված հասցեում գտնվող երկհարկանի կիսակառույց շինության առաջին հարկում հայտնաբերել են մահացածի մարմինը:

Նախնական տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել շինության տանիքին, երբ նշված վայրում աշխատանքներ կատարող քաղաքացին տանիքին հոսանքահարվել է, ինչից հետո քաղաքացիները նրան իջեցրել են տանիքից, իսկ բժիշկներն արձանագրել են նրա մահը:

Հրշեջ-փրկարարները մահացածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ:  

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Թադևոս Թաթոսյանն էր, ով աշխատանքներ կատարելիս էլեկտրական հոսանքի լարերին է անզգուշությամբ դիպել, ինչի պատճառով էլեկտրահարվել ու տեղում մահացել է:

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքների կատարումը, որն առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տունը, որը կառուցվում է, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, Ռուսաստանից վերջերս Հայաստան ժամանած բիզնեսմենի է պատկանում:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր