211652_close_icon
views-count757 դիտում article-date 18:23 08-04-2024

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 8-ին ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման սկզբում ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստան-ԵԽ գործողությունների 2023-2026 թթ. ծրագրի ընթացքը` գոհունակությամբ փաստելով, որ այն թե՛ քաղաքական, թե՛ փորձագիտական գնահատականներով ընթանում է արդյունավետ:
«Կարեւորում ենք ԵԽԽՎ-ի՝ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ վերջին մոնիտորինգային զեկույցի բարձր գնահատականը: Այժմ նախապատրաստվում է «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների եւ հանձնառությունների կատարումը» զեկույցը, որը մենք կարեւորում ենք բարեփոխումների արդյունավետ իրականացման տեսանկյունից»,- նշել է խորհրդարանի նախագահը:

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը վերահաստատել է Եվրոպայի խորհրդի բարձր գնահատականը Հայաստանում իրագործվող բարեփոխումների եւ ժողովրդավարությանն ու խաղաղությանը հավատարիմ լինելու հանձնառության իրականացմանը:

«Հայաստանն իր ժողովրդավարությամբ եւ արժեքներով ապացուցել ու ապացուցում է, որ հավատարիմ է մարդու իրավունքների պահպանման, խաղաղության եւ տարածաշրջանային անվտանգության կայունությանը միտված օրակարգին: Խաղաղությունը չունի այլընտրանք, եւ պետք է անել ամեն բան, որպեսզի այն հաստատվի հնարավորինս շուտ եւ լինի հարատեւ»,- նշել է ԵԽ գլխավոր քարտուղարը:

Քննարկվել են ԵԽ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը, «Կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի» շուրջ տարվող աշխատանքները, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը, տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, հայ ռազմագերիների եւ պատանդառված անձանց վերադարձի հրամայականը, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարները:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը եւ Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը:

Նմանատիպ նյութեր