211652_close_icon
views-count877 դիտում article-date 18:42 12-04-2024

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 12-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:

Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով դեսպանին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերի համար:

«Հայաստանը եւ Եվրոպական միությունը հանձնառու են ընդլայնել եւ խորացնել համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում: Մենք պատրաստ ենք եւ տանում ենք աշխատանքներ ինստիտուցիոնալ բարեփոխումների խթանման, ժողովրդավարական խորհրդարանական մշակույթի ամրապնդման, կարողությունների զարգացման ծրագրերի եւ այլ ոլորտներում ԵՄ-ի հետ շարունակական համագործակցություն ապահովելու ուղղությամբ»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Վասիլիս Մարագոսը բարձր է գնահատել Հայաստանի խորհրդարանի եւ Եվրոպական միության միջեւ առկա փոխգործակցությունը` ընդգծելով հարաբերությունների կարեւորությունը:

«Ազգային ժողովն առանցքային դերակատարում ունի Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ հարաբերությունների սերտացման հարցում: Համատեղ ջանքերի շնորհիվ մենք կկարողանանք հաջողությամբ առաջ մղել այն ծրագրերը, որոնք ձեռնամուխ ենք եղել իրականացնել, եւ հնարավորություն կունենանք ընդլայնելու Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակը»,- ասել է ԵՄ դեսպանը:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում տնտեսական եւ էներգետիկ ոլորտների զարգացման հեռանկարները, քաղաքական եւ անվտանգային երկխոսության ընդլայնման հնարավորությունները, Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը, ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացումը:

Անդրադարձ է կատարվել նաեւ ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետի, Եվրահանձնաժողովի նախագահի եւ ԱՄՆ պետքարտուղարի միջեւ Բրյուսելում կայացած հանդիպմանը, որտեղ քննարկվել են Հայաստանի զարգացմանն ու դիմակայունությանն ուղղված հարցեր:

Նմանատիպ նյութեր