211652_close_icon
views-count970 դիտում article-date 13:57 14-04-2024

ՄԻՊ գրասենյակում միջգերատեսչական քննարկում է տեղի ունեցել ազատությունից զրկված անձանց իրավունքների մասին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ապրիլի 12-ին տեղի է ունեցել միջգերատեսչական քննարկում՝ դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակի, առկա խնդիրների գործնական և օրենսդրական լուծումների ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ։

Գործնականում հաճախ խնդիրներ են առաջանում կապված այն հարցի հետ, թե որ պետական մարմնի վրա պետք է դրվի ազատությունից զրկված անձանց դատարանի խցերում տեղաբաշխելու, պահման բավարար պայմաններ, ներառյալ՝ պատշաճ սնունդ և բուժօգնություն ապահովելու, նրանց առողջության պահպանման, ինչպես նաև դատարանի շենքում վերջիններիս անվտանգությունն ապահովելու պարտականությունը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարության, ՆԳՆ ոստիկանության, Քննչական կոմիտեի, Դատական դեպարտամենտի և Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչներ։

Իրավասու պետական մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են վերոնշյալ թեմայի վերաբերյալ 2024 թվականի հունվարի 31-ին կայացած հանդիպման ընթացքում քննարկված հարցերի կարգավորման ուղղությամբ իրականացված քայլերը, նախանշել են արդյունավետ լուծման կարճաժամկետ և երկարաժամկետ ուղիներ, ևս մեկ անգամ ընդգծվել է համապատասխան օրենսդրական կարգավորումների մշակման անհրաժեշտությունը։

Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը և Քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը ներկայացրել են դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության, պահման պայմանների վերաբերյալ Պաշտպանի կողմից իրականացված մշտադիտարկման այցերի ընթացքում և անհատական բողոքներով արձանագրված խնդիրները, որոնք ամփոփվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի տարեկան զեկույցում։

«Օրենսդրական հստակ կարգավորումների բացակայությունը հանգեցնում է ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման հետ կապված խնդիրների: Մենք արձանագրել ենք դեպքեր, երբ ազատությունից զրկված անձը 12 ժամ գտնվելով դատարանի շենքում՝ սնունդ ընդունելու հնարավորություն չի ունեցել, չի կարողացել ստանալ իրեն ցուցված դեղորայքը՝ համապատասխան կառուցակարգերի բացակայության պատճառով։ Հետևաբար անհրաժեշտ է, որ այս բոլոր հարցերը օրենսդրությամբ պատշաճ և հստակ կարգավորվեն»,- նշել է Լաուրա Գասպարյանը։

Մեկ այլ խնդիր է ազատությունից զրկված անձի խորհրդապահական կարգով իրավաբանական օգնության կազմակերպումը։ Օրենսդրությամբ պատշաճ կարգավորված չեն ազատությունից զրկված անձանց դատարանի խցերում պահվելու ընթացքում անհրաժեշտ իրավաբանական օգնություն ստանալու կառուցակարգերը, ինչը կարող է խախտել անձի սահմանադրական իրավունքը։

Միջգերատեսչական նմանատիպ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները վերհանելու, պատասխանատու գերատեսչությունների հետ արդյունավետ համագործակցելու և Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրներին պատշաճ լուծումներ տալու նպատակով։

Նմանատիպ նյութեր