211652_close_icon
views-count1288 դիտում article-date 16:04 19-04-2024

Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, դեպքի ներկայացված նկարագրությունները բացարձակ մտացածին են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Անձին պատգարակով շտապօգնությանը մոտեցնելու կադրերի հրապարակումը՝ խոշտանգման մասին անհիմն գրառումով, առանց որևէ փաստի ներկայացման, խոշտանգման փաստարկում չեն կարող լինել։

Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա, որը ծառայեցվում է որպես պաշտպանության տակտիկա։ Դրա ամբողջ իմաստը, առաջ ընկնելով, իրականությունը գլխիվայր շուռ տված ներկայացնելով, տեղի ունեցածի վերաբերյալ կանխակալ հանրային կարծիք ձևավորելն է։ Սա անընդունելի է բարոյական տեսանկյունից։

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա տեղի ունեցածի իրական հանգամանքները ներկայացնող համապատասխան պարզաբանմամբ», - գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգել էր, որ Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպք է տեղի ունեցել, ինչին արձագանքել էին ՄԻՊ ներկայացուցիչները։

Նմանատիպ նյութեր