211652_close_icon
views-count862 դիտում article-date 13:43 24-04-2024

Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառնա մեզ համար դատավճիռ, այն պետք է խթան դառնա ամրանալու․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Սիրելի՛ ժողովուրդ,

Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

109 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների՝ կրելով անմարդկային տառապանքներ եւ անդառնալի կորուստներ:
Ցավոք, բազմաթիվ ժողովուրդների, այդ թվում` հայերի համար սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը:

Այս ոճիրը չունի ոչ մի արդարացում, եւ մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսեւորում:

Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի ու վերանա ժողովրդավարության, օրենքի գերակայության, պետականության եւ պետությունների ինքնիշխանության ճանաչման ու ազգային ամուր մտածողության շնորհիվ:

Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառնա մեզ համար դատավճիռ, այն պետք է խթան դառնա ամրանալու՝ իբրեւ ինքնիշխան պետություն, որն ի զորու է պաշտպանել  սեփական ազգային շահերն իր մտածողությամբ, կրթվածությամբ եւ ստեղծարար աշխատանքով:

Ցավը եւ վիշտը, որոնք կան յուրաքանչյուր հայի սրտում, պետք է վերածվեն մեր ազգային պետականության կենսական շահերի պաշտպանության եւ սեփական ճակատագրի առջեւ պատասխանատվության:

Խաղաղությո՛ւն մեր անմեղ նահատակների հոգիներին»:

Նմանատիպ նյութեր