211652_close_icon
views-count1567 դիտում article-date 10:00 28-04-2024

Դավիթ Գասպարյան - Հայաստանը ի՛մն է, քո՛նն է/ Հեղինակ՝ Առլեն Շահվերդյան

Հեղինակ՝ բանաստեղծ Առլեն Շահվերդյան 
Կարդում է դերասան Դավիթ Գասպարյանը 
Երաժշտությունը՝ Նորայր Քարտաշյան, «Տավուշի հովվականչ» և «Գողթան մանկտի» 

*** 

ՀԱՅԱՍՏԱՆԸ Ի՛ՄՆ Է, ՔՈ՛ՆՆ Է

‒ Հայաստանը ի՛մն է, քո՛նն է,
Մեր երկուսի հավերժ տո՛նն է,
Սե՛ր է՝ սիրող մեր սրտերում
Եվ արյո՛ւն է՝ երակներում,
Գարնան շի՛վ է՝ կյանքով խոսուն
Ու կարկաչո՜ւն գետ է հոսուն,
Թախծո՜տ զրույց է կարոտի,
Շո՛ղ է՝ կյանքի առավոտի՛
Եվ ափի մեջ մի՛ բուռ հող է,
Տուն դարձողի սրտի դո՜ղ է:

‒ Հայաստանը ի՛մն է, քո՛նն է,
Մեր երկուսի հավերժ տո՛նն է,
Պայքարելու բո՛ց է, ցասո՛ւմ
Ու հաղթելու ոգի՛ հասուն,
Մեր երկուսի երա՜զ երկիր
Եվ սպեղանի՝ մեր տա՛ք վերքին,
Մի ողջ ազգի քայլե՛րթ է վե՜ր,
Դեպի գալի՛ք ձեռքբերումնե՜ր,
Դեպի լուսե՜ ու վեհացնո՜ղ
Գարնան առավոտներ՝ բացվո՛ղ:

‒ Հայաստանը ի՛մն է, քո՛նն է,
Մեր երկուսի հավերժ տո՛նն է,
Տերունական աղո՜թք է, տա՜ղ
Եվ թարմաբո՜ւյր հաց ու մատաղ,
Նվիրական երդում է վե՛ս, ‒
Մեր երկիրը դո՛ւ ես ու ե՛ս,
Ամրաշղթա՛ քոչարու մեջ
Գետնին զարկող կա՛մք ենք անշե՛ջ
Եվ ոգի՛ ենք մենք երկուսո՛վ,
Ջե՛րմ ենք, ամո՛ւր, ուսի-ուսով:

‒ Հայաստանը ի՛մն է, քո՛նն է,
Մեր երկուսի հավերժ տո՛նն է,
Համազգային ընտանի՛քն է,
Մեր անցյա՛լը ու գալի՛քն է,
Հպարտությա՛ն ու պարծանքի՛,
Հավերժական հաղթանակի՛
Հավատա՛մքն է ու ձգտո՛ւմը,
Աշխարհասփյուռ Հայի տո՛ւնը:
‒ Հայաստանը ե՛ս ու դո՛ւ ենք,
Ու այն հավե՛տ պահելո՛ւ ենք:

Առլեն Շահվերդյան 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր