211652_close_icon
views-count1489 դիտում article-date 09:05 07-05-2024

Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման թափը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Բագրատ սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը խառնել է իշխող «Քաղաքացիական պայմանագրի» անդորրը: Որքան էլ իրենց ելույթներում ու հարցազրույցներում իշխանականները «թվացյալ» անհոգ կերպարի մեջ են, այնուամենայնիվ, նրանք լարված են ու անհանգիստ:

Իրականում իշխանությունները գիտեն, որ հասարակության ներսում խոր դժգոհություն կա Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ. վերջին շրջանում բավականին հաճախ, ամենաբարձր մակարդակով ՔՊ-ականները պարբերաբար քննարկում են իրավիճակն ու փորձում վերլուծել, թե ինչ ավարտ կունենա շարժումը, եւ ինչպես պետք է կասեցնել այն: Իշխանականները խոր մտավախություններ ունեն, որ իրադարձությունները կարող են դուրս գալ վերահսկողությունից եւ իրենց համար խիստ անցանկալի սցենարով զարգանալ, քանի որ Տավուշում տեղի ունեցող վերջին զարգացումներն ու կոնսոլիդացիան՝ Բագրատ սրբազանի եւ մյուս երկու լիդերների՝ Սուրեն Պետրոսյանի եւ Գառնիկ Դանիելյանի շուրջ, անսպասելի մեծ է:

Շատերը բանագնացներ են ուղարկում շարժման լիդերների մոտ՝ հայտնելով իրենց պատրաստակամությունը՝ միանալու շարժմանը: Մի խումբ պատրաստ է դուրս գալ ՔՊ֊ի կազմից՝ լիդերների կողմից երաշխիքների դիմաց: Կարճ ասած, իրապես, սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտ է ստեղծել Բագրատ սրբազանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՔՊ-ականները 3 սցենար են պատկերացնում իբրեւ հանգուցալուծում եւ երկուսի մասով արդեն սուրհանդակներ են ուղարկել Էջմիածին: Լավագույն դեպքում, ըստ ՔՊ-ի, մայիսի 9-ին, երբ Բագրատ սրբազանի գլխավորած շարժումը հասնի Երեւան, դաշտ կգան հանրության համար տհաճ ու օդիոզ քաղաքական անձինք, նախկին իշխանության ներկայացուցիչներ, որոնց դեմքերը ֆիքսելով՝ հնարավոր կլինի վարկաբեկել մինչ օրս թափ հավաքող շարժումը եւ տանել մարման: Երկրորդը՝ նաեւ պատրաստվում են որոշակի ճնշումների:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին իշխանականները տարբեր խողովակներով Էջմիածին բանագնացներ են գործուղել, որպեսզի Բագրատ սրբազանին հորդորեն այնտեղից շարժման օրակարգ չբերել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը:

Վերջնագիր են ներկայացրել, թե դժգոհությունը պետք է ձեւակերպել բացառապես սահմանազատման գործընթացի մասով՝ առանց Փաշինյանի հրաժարականի պահանջի: Հակառակ դեպքում՝ ասվել է, որ մեծ հարձակում կլինի եկեղեցու եւ եկեղեցականների վրա: Իհարկե, Էջմիածնի դեմ ճնշումները չհասան իրենց նպատակին։

Ավելին՝ որոշ թեմերի առաջնորդներ փորձել են հետ պահել Բագրատ սրբազանին և մյուս լիներներին երթ դեպի Երևան մտքից. սակայն լիդերների կամքը անսասան գտնվեց: Եվ վերջապես, բանագնացները ակնարկել են, որ Վրաստանի ջարդերին պետք է հետեւել ու պատրաստ լինել՝ քաղաքացիներին բախումների տանելու պատասխանատվություն կրելու համար, քանի որ ուժ կկիրառվի: Կարճ ասած՝ ժողովրդավարական բաստիոնը երերում է՝ տեղը զիջելով միապետության:
ՔՊ-ն կպարտվի միայն Հանրապետության հրապարակի մարդաշատության դեպքում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր