211652_close_icon
views-count784 դիտում article-date 14:17 30-05-2024

Ոստիկանությունը ևս պետք է սովորի թե՛ էթիկայի, թե՛ վարքագծի, թե՛ բանակցային կանոններ․ ՄԻՊ

Ոստիկանությունը ևս պետք է սովորի թե՛ էթիկայի, թե՛ վարքագծի, թե՛ բանակցային կանոններ ու հմտություններ տարբեր պրոցեսների շրջանակներում, բայց դա բնականաբար չի նշանակում, որ քաղաքացիները կարող են դրսևորել ոչ իրավաչափ վարքագիծ:

Այս մասին ԱԺ-ում 2023 թվականի ՄԻՊ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

Հանձնաժողովի նիստը վարող ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը, դիմելով ՄԻՊ-ին նշեց, որ վերջին շրջանում որոշ քաղաքական խմբակի կողմից իրականացվող ակցիաների շրջանակում արձանագրվել են դեպքեր, երբ թիրախավորվել է անձը, ո՞վ է կրելու պատասխանատվություն։

«Ընդդիմությունը չի մասնակցում այս քննարկմանը, որը զարմանալի չէ։ Թիրախավորվել է ոստիկանությունը, ցուցարարներից ոմանք բռնություն են կիրառում ոստիկանների նկատմամբ։ Կա՞ն արդյոք օրենսդրական բացեր, ինչպե՞ս պաշտպանել սովորական քաղաքացիներին, ոստիկաններին»,- հետաքրքրեց նա։

Անահիտ Մանասյանն էլ նշեց, որ քաղաքական դաշտը հնարավորինս պետք է խտրական և ատելության խոսքից զերծ լինի։

«Ես ընդունում եմ, որ այսօրվա մեր ընդհանուր պրոցեսներն ընթանում են խտրական, ատելության խոսքի բոլոր հնարավոր դրսևորումներով։ Բոլոր քաղաքական ուժերը պետք է նկատի ունենան, որ ցանկացած գործընթացի շրջանակներում իրենք ևս պատասխանատու են նշված խնդիրների առնչությամբ պատշաճ մոտեցում ցուցաբերելու համար»,- նշեց Մանասյանը։

Նրա խոսքով՝ շատ կարևոր է ԱԺ պատգամավորների, տարբեր հանրային գործիչների դերակատարությունը։
«ԱԺ պատգամավորներն իրենք էլ պետք է ձեռնպահ մնան ատելության խոսքից, բայց նաև պետք է հակազդեն այդ խոսքին։ Հատուկ պարտավորություն ունեն նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձիք։

Ես հատուկ շեշտադրեցի ԱԺ պատգամավորներին, որոնք պետք է պահպանեն էթիկայի վարքագծի կանոնները, դուք անդրադարձաք ոստիկանության ծառայողներին, որոնք ավելի զգայուն ու խոցելի են, բայց ես նշեմ, որ նրանք ևս հանրային ծառայություն են իրականացնում և նրանք ևս պետք է նկատի ունենան և պատրաստ լինեն տարբեր հանգամանքների։

Ոստիկանությունը ևս պետք է սովորի թե՛ էթիկայի, թե՛ վարքագծի, թե՛ բանակցային կանոններ ու հմտություններ տարբեր պրոցեսների շրջանակներում, բայց դա բնականաբար չի նշանակում, որ քաղաքացիները կարող են դրսևորել ոչ իրավաչափ վարքագիծ»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր