211652_close_icon
views-count56370 դիտում article-date 09:29 31-05-2024

Երևանում «Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մորն ու նրա անչափահաս դստերը. վիրավորները քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Երեկ՝ մայիսի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 20-ամյա Սարիբեկ Ա.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Ագաթանգեղոս և Խորենացի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտներ՝ Երևանի բնակիչներ 27-ամյա Անուշ Ա.-ին և նրա 4-ամյա դստերը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածները քաղաքացիների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա մեկ այլ վարորդի ավտոմեքենայով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հայկ Սուքիասյանը և կրտսեր պարեկ Հովսեփ Հովսեփյանը։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարապետյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վրաերթի ենթարկվածներից երեխայի ինքնությունը։

Երեխան Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

ԼՐԱՑՈՒՄ

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողներն ու ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Սարգիս Հրաչյանը պարզել են, որ վրաերթի ենթարկվածներն են Երևանի բնակիչներ 27-ամյա Անուշ Ավանեսյանը, նրա դուստրը՝ 3-ամյա Ս. Վարդանյանը:

Ա. Ավանեսյանը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Ս. Վարդանյանը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:  

Պարզվել է նաև, որ վիրավորներին տեղում առաջինը բուժօգնություն ցուցաբերած ու իր ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխած վաորրդի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ 29-ամյա Գևորգ Հարությունյանն է, բժիշկներն էլ պարեկներին հայտնել են, որ հենց նշված քաղաքացու կողմից վիրավորներին շտապ հիվանդանոց տեղափոխելու արդյունքում է,  որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր