211652_close_icon
views-count880 դիտում article-date 21:13 20-06-2024

Պետությունը պետք է լրջագույն ջանքեր գործադրի բռնահանվածների իրավունքների պաշտպանության հարցում․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 20-ին ընդունել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին և «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպության նախագահ Անդրանիկ Գրիգորյանին։ Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ 
 
 Հանդիպման ընթացքում քննարկվել են փախստականների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցեր։ Այս համատեքստում Պաշտպանը նշել է, որ ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի կարևոր ուղղություններից է։ Այն իրականացվում է ինչպես ամենօրյա աշխատանքային գործունեության, այնպես էլ տարեկան հաղորդումների և արտահերթ զեկույցների, միջազգային և ներպետական կառույցների հետ համագործակցության, իրազեկվածության բարձրացման միջոցառումների և այլ ձևաչափերով ոլորտային խնդիրների բարձրաձայնման միջոցով։
 
 Քննարկվել են բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, սոցիալական երաշխիքները և այլն։
 
 Պաշտպանն ընդգծել է, որ պետական մարմինները պետք է լրջագույն ջանքեր գործադրեն իրավունքի գերակայության ապահովման, բռնի տեղահանված անձանց, ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնման, իրազեկման աշխատանքների իրականացման, միջազգային իրավական փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների անխոչընդոտ իրականացման հարցերում:
 
 Իրենց հերթին հյուրերը շնորհակալություն են հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

Նմանատիպ նյութեր