211652_close_icon
views-count40324 դիտում article-date 21:16 27-06-2024

Ներքին գործերի նախարարի և ՀՀ ոստիկանության պետի հանձնարարականների հետքերով. ինչու էին ոստիկաններն ու ՓԾ սակրավորները ժամանել Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Վերջին տարիներին ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը ոստիկանության ղեկավար կազմին խիստ հանձնարարականներ են տվել, որ պետք է շարունակեն պայքարը նաև ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ և դրա շրջանակում պետք է նաև ոստիկանության քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները  բացատրական աշխատանքներ կատարեն քաղաքացիների հետ, ովքեր իրենց մոտ պահվող զենքն ու զինամթերքը կներկայացնեն ոստիկանություն, ու եթե պարզվի, որ ներկայացված զենք-զինամթերքով քրեորեն պատժելի արարք չի կատարվել, քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից։

Այն, որ Երևանում ոստիկանության տարածքային ստորաբաժանումներն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները մեծ քանակի ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել, ինչպես նաև քաղաքացիների հետ կատարված բացատրական աշխատանքների արդյունքում են հայտնաբերել զենք ու զինամթերք, ակնհայտ է։

Այսօր՝ հունիսի 27-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի բնակիչն իր մոտ պահում է զենք և զինամթերք։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական հետախույզները բացատրական աշխատանքներ են իրականացնում, որի շնորհիվ այդ քաղաքացին ահազանգում է ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնում, որ Թաթուլ Կրպեյանի անվան այգում ինքը պարկով զենք-զինամթերք է թողել։

Դեպքի վայր են ժամանում ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, ովքեր որոնողական աշխատանքների արդյունքում այգում հայտնաբերում են կասկածելի պարկը։

Այն անվտանգ բացելու նպատակով ոստիկանության Նոր Նորքի բաժինը դիմում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որպեսզի զինամթերքն անվտանգ ուսումնասիրելու նպատակով իրենց օգնության գան սակրավորները, ինչը և կատարվում է։

Փրկարար ծառայության սակրավորները վնասազերծում են պարկը, որի մեր լինում է 65 հատ 5,45, 26 հատ 7․62 տրամաչափի փամփուշտ, 1 հատ ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, 1 հատ РГД-7 նռնակ և 1 հատ ծխաձայնային նռնակ, իրենց պայթուցիչներով և հանձնում են ոստիկաններին։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Հակոբյանը, ում կողմից դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր