211652_close_icon
views-count1405 դիտում article-date 18:52 16-07-2024

Մամիկոն Ասլանյանի ասածը չի համապատասխանում իրականությանը, իրենք գործարքի են գնացել իշխանության հետ. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Tert.am-ի հետ զրույցում հերքել է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի այն հայտարարությունը, որ իրեն ճնշել են և ստիպել վիճարկել Վանաձորի ՏԻՄ ընտրությունների արդյունքները:

«Մամիկոն Ասլանյանի ասածը չի համապատասխանում իրականությանը: Իրականությունը հետևյալն է. Մամիկոն Ասլանյանը մեզ խնդրում էր չբողոքարկել արդյունքները, իսկ ես ասում էի, որ վերջին օրն է, դատարան դիմելու ժամկետը լրանում է, եթե այդ օրը չբողոքարկեմ, այլևս չեմ կարողանալու բողոքարկել: Ինքը պնդում էր չբողոքարկել: Ասլանյանն այն ժամանակ փորձում էր իշխանության հետ լեզու գտնել իր քրեական գործի հետ կապված, հետո երևի չստացվեց լեզու գտնել, իրեն ձերբակալեցին, հետո կալանավորեցին»,- ասաց նա:

Մարուքյանի խոսքով՝ 2023 թվականից ընդդիմությունը կարող էր գումարել նիստեր, սակայն չի անում իշխանության հետ գործարքի գնալու պատճառով:

«Ինչ վերաբերում է ավագանու նիստերի վրա կալանք դնելուն, դա էլ է իրականությունից շեղում: 2023 թվականի սեպտեմբեր ամսին մեր բոլոր բողոքները սպառվել են ու սեպտեմբերից արգելանքը վերացված է, բայց քանի որ ինչ-որ գործարք կա ընդդիմադիրների ու իշխանության միջև, իրենք այդպես էլ չեն գումարում նիստեր և ընտրում քաղաքապետ: Խորը կասկածներ ունեմ, որ ինքը հիմա պահանջելու է գումարել նիստ և ընտրվի, սպասենք տեսնենք:
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմինե Կյուրեղյանը հայտարարում է, որ «Լուսավոր Հայաստանը» չի թողնում նիստ գումարել, քանի որ արգելք է դրված, բայց այդ հայտարություններն իրականությանը չեն համապատասխանում: Լուրեր են տարածում, թե Արկադի Փելեշյանի ուժը բողոքարկել է ու նիստերի վրա արգելք կա, ես Ձեզ պաշտոնապես տեղեկացնում եմ, որ արգելքը վերացած է: Այստեղ գործարք կա, հիմա քանի որ նա արդեն ազատության մեջ է, կտեսնենք՝ ինքը պահանջո՞ւմ է գումարել նիստ, թե չէ»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանը Tert.am-ին փոխանցել է նաև Վարչական դատարանի 2023 թվականի սեպտեմբերի 1-ի որոշումը:

Նմանատիպ նյութեր