211652_close_icon
views-count985 դիտում article-date 10:58 27-07-2024

Գորիս-Կապան ճանապարհը և Շուռնուխի մի մասը Ադրբեջանին փոխանցելու մասին ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան

Հայաստանի նախկին արտգործնախարար Արա Այվազյանը պնդում է, որ այն, որ ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրվել Գորիս-Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին, ինքը կամ արտգործնախարարությունը տեղյակ չի եղել։

«Եղել են քննարկումներ։ Հետագայում պարզվեց, որ հայկական կողմը ստորագրել է ինչ-որ հուշագիր Ադրբեջանի հետ և երևի ռուսական խաղաղապահների հետ, ինչի մասին Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէր», - «Ազատության» հետ հարցազրույցում ասաց նախկին պաշտոնյան։

Ստորև ներկայացնում ենք հատված Արա Այվազյանի հետ հարցազրույցից

«Ազատություն» - Պարո՛ն Այվազյան, 2020 թվականի դեկտեմբերից Ադրբեջանին անցավ Գորիս-Կապան ճանապարհը, և արդեն 2021-ի հունվարին Ադրբեջանին նաև փոխանցվեց Շուռնուխ գյուղի մի մասը։ Դուք տեղյա՞կ եք, թե իրավական ինչ փաստաթղթերի հիման վրա այս տարածքների հանձնումը, փոխանցումը տեղի ունեցավ։

Արա Այվազյան - Տեսեք, եղել է Անվտանգության խորհրդի նիստ, այդ Անվտանգության խորհրդի նիստը տեղի ունեցավ Արցախում դրան նախորդող նոր ճգնաժամային իրավիճակին, և այդ նիստերից երեք նիստ է եղել, ես երկուսին եմ մասնակցել, ապա մեկնել եմ արտասահման, եղել են քննարկումներ, ես հիմա այդ քննարկումների բովանդակության մասին չեմ կարող բարձրաձայնել, բայց հետագայում պարզվեց, որ հայկական կողմը ստորագրել է ինչ-որ հուշագիր Ադրբեջանի հետ և երևի ռուսական խաղաղապահների հետ, ինչի մասին Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէր։

«Ազատություն» - Հուշագիր, որով այդ տարածքները փոխանցե՞լ էին Ադրբեջանին։

Արա Այվազյան - Այդպես հայտարարվեց։ Անվտանգության խորհրդի ժամանակ տարբեր սցենարներ էին քննարկվում, որովհետև ադրբեջանցիները պահանջներ էին ներկայացրել, և տարբեր քննարկումներ էին տեղի ունենում, բայց որ ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրվի, առնվազն ես տեղյակ չեմ եղել, և հետագայում է դա պարզվել։ Եվ երբ պարզվել է, ես դիմել եմ վարչապետի միջոցով Պաշտպանության նախարարության, որ այդ փաստաթուղթը մեզ տրամադրվի։ Իմ պաշտոնավարման մինչև վերջ այդ փաստաթղթերին ես ծանոթ չեմ։

«Ազատություն» - Դուք չե՞ք տեսել այն փաստաթուղթը, որով Գորիս- Կապան ճանապարհը և Շուռնուխ գյուղի մի հատվածը փոխանցվել է Ադրբեջանին և պոստ ֆակտում եք իմացել, որ նման՝ եռակողմ հուշագիր է ստորագրվել։

Արա Այվազյան - Այո, եռակողմ կամ երկկողմ. տեղյակ չեմ անկեղծ»։

Մարմնամասերը՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր