211652_close_icon
views-count98844 դիտում article-date 22:00 03-08-2024

Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են «Ford Fusion»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 1զոհ, 3 վիրավոր. օպերատիվ են գործել Սպիտակի հիվանդանոցի բժիշկները, փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանարհի 1-ին կմ հատվածում՝ Արևաշող գյուղի վարչական տարածքում բախվել են «Ford Fusion» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սպիտակի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վիրավորներից 3-ին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության բժիշկները, իսկ մեկին հիվանդանոց են տեղափոխել Սպիտակի հրշեջ-փրկարարները:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և վաշտի հրամանատար Արամ Պետրոսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Սպիտակի բաժնի պետ Սերգեյ Մալաքյանը:

Վթարի մասին ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արթուր Մնոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Սպիտակի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:  

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկի Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր