211652_close_icon
views-count63882 դիտում article-date 19:27 07-08-2024

Խոշոր ավտովթար՝ Երևանում. «Nissan»-ը «Դեֆանս Հաուզինգ»-ի մոտ բախվել է երկաթե ճաղավանդակներին և հայտնվել երթևեկելի գոտում. 3 վիրավորներին, այդ թվում՝ անչափահասին, առաջինը օգնության են հասել «Դեֆանս Հաուզինգ»-ի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի «Հյուսիս-հարավ» ճանապարհահատված ընթանալիս՝ «Դեֆանս Հաուզինգ»-ի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել «Դեֆանս Հաուզինգ»-ի գովազդային ցուցանակներին ու երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք ու մասամբ հատնվել ճանապարհի երթևեկելի գոտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 2-ը՝ «Արմենիա», մեկը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել «Դեֆանս Հաուզինգ»-ի աշխատակիցները և այնտեղ հերթապահող բժիշկը, ապա օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Սամվել Իսախանյանն ու պարեկ Վլադիմիր Մկրտչյանը:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից մեկը անչափահաս տղա է:

Բախման հետևանքով ավտոմեքենայի վրայից շարժիչը պոկվել ու շպրտվել է:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր