211652_close_icon
views-count2131 դիտում article-date 12:24 19-08-2024

«Պաշտոնեական դիրքս չեմ չարաշահել»․ Հովիկ Աբրահամյանի ցուցմունքը Ծաղկաձորի անտառները սեփականաշնորհելու գործով․ «Հետք»

«Հետք»-ը կարողացել է ձեռք բերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և մի խումբ այլ նախկին պաշտոնյաների ցուցմունքները, որոնք վերաբերում են Ծաղկաձորի անտառներն ապօրինի սեփականաշնորհելու գործին։

«Տարիներ առաջ հրապարակել էինք պաշտոնյաների կողմից Ծաղկաձորի անտառները 2007-2009 թվականին ապօրինի սեփականաշնորհելու մասին հետաքննությունը։ Պարզել էինք, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը և մի խումբ այլ պաշտոնյաներ ապօրինի տիրացել էին ավելի քան 50 հեկտար անտառապատ հողերի։ Մեր հրապարակման հիման վրա քրեական գործ հարուցվեց Հատուկ քննչական ծառայությունում, որը հետագայում կարճվեց։ Քրեական գործի նախաքննության ժամանակ անտառները սեփականաշնորհած պաշտոնյաները հարցաքննվել են։ Ստորև ներկայացնում ենք նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա թիկնապահ Բագրատունի Բարսեղյանի ցուցմունքները՝ առանց խմբագրման։

Երևան, 19 հունվարի 2019 թ․

Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ցանկանում է բացատրություն տալ հրավիրված փաստաբան Երեմ Սարգսյանի ներկայությամբ։

Առաջադրված հարցերի շուրջ տալիս եմ սույն բացատրությունը, որ վերը նշված հասցեում բնակվում եմ ընտանիքիս հետ միասին, 2013 թվականից: 1990 թվականին ավարտել եմ Երևանի ժողինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը: Կառավարման ոլորտում աշխատել եմ 1995 թվականից, մասնավորապես՝ 1995 թվականին ընտրվել եմ Արտաշատ քաղաքի քաղխորհրդի գործկոմի նախագահ, 1997 թվականին ընտրվել եմ Արտաշատի քաղաքապետ, 1998 թվականին նշանակվել եմ Արարատի մարզպետ, 2000 թվականին նշանակվել եմ ՀՀ տարածքային կառավարման նախարար, 2007 թ․-ի ապրիլին նշանակվել եմ փոխվարչապետ, 2008 թվականի ապրիլին նշանակվել եմ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, 2008 թվականի օգոստոսին ընտրվել եմ Ազգային ժողովի պատգամավոր, իսկ 2008 թվականի սեպտեմբերին ընտրվել եմ ԱԺ նախագահ: 2014 թվականի ապրիլի 13-ին նշանակվել եմ ՀՀ Վարչապետ ու պաշտոնավարել մինչև 2016 թվականի սեպտեմբերի 7-ը, իսկ հրաժարականից հետո մինչ օրս որևէ տեղ չեմ աշխատում:

Հարց - Կարո՞ղ եք հայտնել, թե 2006 թվականի ապրիլին Դուք, աշխատելով ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում, ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում գտնվող հողերի կատեգորիայի փոխման հանձնարարականներ տվե՞լ եք, թե՞ ոչ, եթե այո, ապա որ գերատեսչություններին եք տվել հանձնարարականը:

Պատասխան - Ես նման բան չեմ հիշում, սակայն չեմ բացառում, որ իմ լիազորությունների սահմաններում կամ ստացված հանձնարարականները ուղարկեմ տարածքային մարմիններին ի կատարման:

Հարց - Նյութերի նախապատրաստման ժամանակ ՀՀ ազգային արխիվից ստացվել է ՀՀ կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի թիվ 422-Ն որոշումն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերի պատճենները, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Դուք՝ որպես ՀՀ տարածքային կառավարման նախարար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Ա. Գևորգյանի կողմից 11.04.2006 թվականի թիվ Ղ-5776 գրությունը ուղարկել եք ՀՀ գյուղատնտեսության նախարար Դ. Լոքյանին, ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի նախագահ Մ. Վարդանյանին և Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանին ու խնդրել եք ապահովել հանձնարարականի կատարումը և սահմանված ժամկետում ներկայացնել տեղեկատվություն, որից հետո վերը նշված գերատեսչությունների կողմից թե միմյանց միջև, թե Ձեզ ուղարկվել են գրություներ, իսկ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը 2006 թվականի թիվ 4-99-2477 գրությամբ Ձեզ հայտնել է. «Ի կատարումն Ձեր 17.04.2006թ. թիվ 010-2361 հանձնարարականի՝ կապված ՀՀ նախագահի Կոտայքի մարզ ս/թ ապրիլի 8-ին կատարած այցի ընթացքում տրված հանձնարարականների կատարման հետ, հայտնում եմ, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀՀ ԿԱԳԿՊԿ-ի հետ համատեղ ուսումնասիրվել է մարզի համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական անտառային ֆոնդի անտառազուրկ տարածքները համապատասխան համայնքներին սեփականության իրավունքով հանձնելու հնարավորությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք համայնքների տարածքներում գտնվող առանձին հատվածներ և համայնքների վարչական սահմաններից դուրս՝ մարզի տարածքում գտնվող պետական անտառային ֆոնդի անտառազուրկ տարածքներ հնարավոր է օգտագործել առողջարարական կամ հանգստի կազմակերպման նպատակով, որն էլ իր հերթին կաշխուժացնի տվյալ համայնքում զբոսաշրջությունը, նպատակահարմար ենք գտնում Հրազդանի, Արտավազի համայնքների վարչական սահմաններում գտնվող անտառային ֆոնդի հողերից համապատասխանաբար 61.48 հա և 10.5 հա փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա՝ հանգստի նպատակով, իսկ Կոտայքի համայնքի վարչական տարածքում գտնվող 40.0 հա անտառային ֆոնդի անտառազուրկ հողերը սեփականության իրավունքով փոխանցելԿոտայքի համայնքին՝ փոխադրելով այն գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա: Կից ներկայացվում են համապատասխան գրաֆիկական նյութերը՝ ըստ համայնքների»: Գրությունը և սխեմաները ուսումնասիրելուց հետո խնդրում եմ հայտնեք, թե այդ գրությունը և դրան կցված սխեմաները արդյոք նույն սխեմանե՞րն են, որոնք ուղարկվել են այդ գրությանը կից, թե դրանք փոփոխված են, եթե փոխված են, ապա ո՞ւմ կողմից է փոխվել և գրությամբ կոնկրետ ո՞ր հողատարածքների կատեգորիան փոխելու մասին է առաջարկ ներկայացվել, և արդյոք գրության կից սխեմաներից ակնհայտ չէ, որ առաջարկվել է փոխել Հրազդան համայնքի անտառածածկ հատվածի հողի նպատակային նշանակությունը: Ձեր ուսումնասիրմանն եմ ներկայացնում նաև ՀՀ կառավարության 05.04.2007 թվականի թիվ «422-Ն» հողերի կատեգորիան փոխելու մասին որոշման Հավելված 6 և Հավելված 7-ը, որի ուսումնասիրմամբ ևս ակնհայտ է, որ նշված որոշմամբ փոփոխվել է Հրազդան համայնքում առկա անտառածածկ հողատարածք՝ 50.48 հա մակերեսով: Ինչպես կպարզաբանեք այդ տարբերությունները և հակասությունները:

Պատասխան - Ձեր կողմից նշված իրադարձություններից անցել է արդեն շուրջ 12-13 տարի և ես, բնականաբար, չեմ կարող դրա վերաբերյալ որևէ կոնկրետ բան հիշել, քանի որ դա նմանատիպ բազմաթիվ նախաձեռնություններից մեկն է եղել: Բնականաբար, Նախագահականից իջեցված հանձնարարականը ես մեխանիկորեն պետք է փոխանցեի պատկան մարմիններին, թե դրանից հետո իրավասու մարմինները ինչ սխեմաներ են կազմել, ինչ առաջարկություններ են կատարել, ես չեմ կարող ասել, թե Ձեր կողմից ներկայացված սխեմաները իրական են, թե փոփոխված, առավել ևս, որ դրանք բնօրինակի տեսքով չեն և առավել ևս, որ ես այդ սխեմաների մասով խորացված գիտելիքներ չունեմ ու պարտավոր էլ չէի ունենալ, դրանցով զբաղվել են իրավասու մարմինները:

Ամբողջայան հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր