211652_close_icon
views-count36441 դիտում article-date 23:51 26-08-2024

Արտակարգ իրավիճակ՝ Կոտայքի մարզում. ողջ գիշեր պարեկներն ու փրկարարները վտանգավոր երկաթե գովազդային վահանակի մոտ հերթապահություն են իրականացրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ օգոստոսի 25-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի վարչական տարածքում ուժեղ քամու հետևանքով երկաթե գովազդային սյան վրայից պոկվել ու կախվել էր հսկայական երկաթե ցուցանակը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 14 ժամ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու հերթապահ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ելնելով քաղաքացիների անվտանգությունից, հերթապահություն են իրականացրել։

Քամին այնպես էր ճոճում վտանգավոր երկաթե ցուցանակը, որ ամեն վայրկյան հնարավոր է այն պոկվեր և եթե այդ պահին նշված վայրով ավտոմեքենաներ անցնեին, կար վտանգ, որ այն կընկներ մեքենաների վրա։

Գրեթե մի քանի անգամ պարեկային ծառայությունը փորձել է պատասխանատուներից ճշտել, թե որ կառույցն է այն ապամոնտաժելու, բայց ստանում էին պատասխան, թե դա մեր իրավասության մեջ չէ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ կառույցները Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ», Կոտայքի մարզպետարան և Կոտայքի մարզում գործող հյուրանոցային համալիրներից մեկի սեփականատերերն են, ովքեր պատասխանել են, թե ով տեղադրել է նա էլ պետք է ապամոնտաժի։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր