211652_close_icon
views-count994 դիտում article-date 20:30 06-09-2024

Տեղի է ունեցել «Մասնակցային բյուջետավորումը տեղական մակարդակում» խորագրով համաժողով

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և ՀՀ ֆինանսների նախարարությունների համատեղ ջանքերով այսօր տեղի է ունեցել «Մասնակցային բյուջետավորումը տեղական մակարդակում» խորագրով համաժողովը: Հայտնում են ՏԿԵ նախարարությունից։ 
 
Այն մեկտեղել էր Հայաստանից և արտերկրից շուրջ 150 մասնակիցների, այդ թվում՝ քաղաքականություն մշակողների, մարզպետարանների,համայնքապետարանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փորձագետների և քաղաքացիների՝ քննարկելու մասնակցային բյուջետավորման դերը տեղական ժողովրդավարության և հանրային մասնակցության ամրապնդման գործում:
 
Մասնակցային բյուջետավորումը հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին մասնակցել համայնքային բյուջեի հատկացմանը, ինչը խթանում է որոշումների կայացման գործընթացում համայնքի բնակիչների ավելի մեծ ներգրավվածությունն ու թափանցիկ կառավարումը:
 
Համաժողովի մասնակիցները ներկայացրել են այս մոտեցման կարևորությունն ու ազդեցությունը տեղական զարգացման և հանրային վստահության բարձրացման գործում:
 
Համաժողովին ներկա էին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրանցը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը և այլոք։

«Մենք մշտապես կարևորում ենք նման նախաձեռնությունները, քանի որ այն տալիս է իր դրական արդյունքները, և համայնքային կառավարման ոլորտը դառնում է առավել քաղաքացիակենտրոն, հաշվետու, թափանցիկ, նորարար և մասնակցային, ինչը կարևոր նախապայման է որոշումների կայացման գործընթացներում քաղաքացիների ներգրավվածության ամրապնդման և տեղական ժողովրդավարության զարգացման համար»,- համաժողովին ընդգծել է ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։
 
 Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրանցը նշել է, որ մասնակցային բյուջետավորումը բյուջեի հատկացման մասին որոշումներում քաղաքացիների ներգրավման միջոցով նպաստում է համայնքների զարգացմանը և խթանում սեփականատիրության զգացումը:
 
 Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը շեշտել է, որ մասնակցային բյուջետավորումը կարևոր գործիք է, որը նպաստում է ավելի մեծ թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը:
Համաժողովի ընթացքում ներկայացվել է նաև միջազգային լավագույն փորձը․ Գերմանիայից, Վրաստանից, Ուկրաինայից և Լեհաստանից ժամանած փորձագետները խոսել են իրենց երկրներում կիրառված արդյունավետ մոդելների և մոտեցումների մասին:
 
 Միջոցառման նպատակն էր բարձրացնել իրազեկությունը մասնակցային բյուջետավորման առավելությունների մասին,
նպաստել մասնակիցների միջև երկխոսությանը, ձևավորել գործընթացի բարելավման առաջարկներ: Համաժողովը միտված էր նաև նպաստելու տարբեր երկրների համայնքապետարանների, հայ և միջազգային փորձագետների միջև համագործակցությանը՝ խթանելու ժողովրդավարական կառավարումն ու հանրային մասնակցությունը:
 
Համաժողովն իրականացվել է «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ:
 
Այն իրականացնում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) համաֆինանսավորմամբ:
 
 Ծրագրի հիմնական գործընկերն է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ 2022 թվականից ի վեր ծրագիրն աջակցել է ՀՀ կառավարությանը` «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության 2022-24թթ. գործողությունների ծրագրի շրջանակում տեղական մակարդակում մասնակցային բյուջետավորման (ՄԲ) ներդրման գործում։ Իրականացված աշխատանքները ներառել են մեթոդական ուղեցույցի մշակում, ՄԲ հարթակի ներդրում համայնքներում, և գործընթացի փորձարկում չորս համայնքներում՝ Աբովյան, Արմավիր, Աշտարակ և Ջերմուկ:
 
Հանրային մասնակցության առավելություններն ընդգծելու,տեղական զարգացումը խթանելու նպատակով այդ համայնքներում ծրագիր համաֆինանսավորել է նաև քաղաքացիների կողմից առաջարկված մի քանի նախաձեռնությունների իրականացումը: Պիլոտային փուլի արդյունավետ իրականացման արդյունքում ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել՝ մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ 2024թ․ պետական բյուջեից չորս պիլոտային համայնքներին 500 միլիոն դրամ հատկացնելու մասին:
 
 2024թ․ ծրագրի աշխարհագրությունն ընդլայնվել է՝ աջակցելով մասնակցային բյուջետավորման ներդրմանը Հայաստանի ավելի քան 17 համայնքներում:

Նմանատիպ նյութեր