211652_close_icon
views-count655 դիտում article-date 23:39 06-09-2024

ԱՆ-ն առողջապահական ոլորտում երեխաների իրավունքների պաշտպանության թեմայով զեկույց է ներկայացրել

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է  Ժնևում ընթացող  Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցների պաշտպանությանը։ Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ 

Նրա զեկույցի հիմնական թեման է երեխաների իրավունքների պաշտպանությունը առողջապահական ոլորտում:

Փոխնախարարը նշել է Հայաստանում մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված ֆինանսական հատկացումների ավելացումը` անկախ երկրի մարտահրավերներից: Այսպես` 2024 թվականին երեխաների ստացիոնար բուժման համար բյուջետային հատկացումները 2019 թվականի համեմատ աճել են 23 տոկոսով: 

Իր զեկույցում փոխնախարարն անդրադարձել է ոլորտում առկա օրենսդրական փոփոխութուններին, երեխաների իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես` բուժօգնություն ստանալիս երեխայի ձայնը լսելի դարձնելու և նրա կարծիքը հաշվի առնելու հարցում, ինչպես նաև` վերջին տարիներին մանկական, նորածնային մահացության և հիվանդացության նվազեցման ուղղությամբ կատարված աշխատանքներին:

Արմեն Գասպարյանն իր խոսքում ընդգծել է կրծքով կերակրման կարևորությունը և դրա խթանման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, մասնավորապես` վերջին նոր բարեփոխմամբ  ծննդօգնություն իրականացնող բժշկական բոլոր հաստատություններում կրծքով կերակրման խորհրդատուների ներկայությունը:

Նախարարի տեղակալը անդրադարձել է նաև երեխաների հոգեկան առողջության կարևորությանը, ներկայացրել երեխաների հոգեկան առողջության պահպանման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, այդ թվում` առաջնային օղակում, դիսպանսեր և հիվանդանոցային: Զեկույցում անդրադարձ է կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանման օրերին բժշկական շարժական թիմերի օպերատիվ գործունեությանը, որոնք տեղահանված երեխաների և նրանց ծնողների շրջանում տրամադրել  են առաջնային բուժօգնություն, կատարել կարքիների գնահատում և տրամադրել բուժօգնության ամբողջական  անվճար փաթեթ:

Արմեն Գասպարյանը շեշտել է, որ մեր երկրում  2019 թվականից  ի վեր պետպատվերի շրջանակում տրամադրվում է բուժօգնություն բոլոր երեխաներին` անկախ տարիքից և կարգավիճակից, ներառյալ` նոր տեխնոլոգիաներով և թանկարժեք միջամտություններով բուժօգնությունը:

Նմանատիպ նյութեր