211652_close_icon
views-count1213 դիտում article-date 13:29 01-10-2024

Առուշ Առուշանյանին ազատազրկելու դատարանի որոշումը բողոքարկվել է․ այն կքննվի գրավոր ընթացակարգով

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված պատիժն 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Առուշ Առուշանյանի փաստաբանական խմբի անդամ Դավիթ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, 2022թ․ մարտի 28-ին հրապարակել է Առուշ Առուշանյանի և մյուսների գործով վճիռը, որով Առուշանյանն արդարացվել է իրեն մեղսագրվող ընտրական հանցավոր ենթադրյալ արարքների դրվագով, իսկ մյուս դրվագով՝ մեղավոր ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, որին հաշվակցելով Առուշանյանի՝ ութ ամիս արգելանքի տակ գտնվելու ժամկետը, դատարանը որպես վերջնական պատիժ սահմանել է ազատազրկումը՝ 6 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառվել. Դատարանն Առուշանյանի նկատմամբ փորձաշրջան է սահմանել 1.5 տարի ժամկետով, միևնույն ժամանակ, Առուշանյանի նկատմամբ որպես պատիժ է կիրառվել տուգանքը և 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու սահմանափակումը։ Արդարացվել են նաև Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանը և ամբաստանյալներից ևս երկուսը՝ Սամվել Դինունցը և Հրայր Բաղդասարյանը, իսկ Էրիկ Աղաջանյանը և Հարութ Լալազարյանը՝ մեղավոր են ճանաչվել։ Դատական ակտի դեմ բողոքներ են ներկայացվել։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել դատական ակտը, Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել բողոքը։ Ըստ այդմ, դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։ Պրոբացիայի ծառայությունը դիմել է Գորիսի ավագանուն՝ Առուշանյանի լիազորությունները դադարեցնելու հարցով, սակայն ավագանին մերժել է միջնորդությունը՝ արձանագրելով, որ դա իրենց լիազորություններից չի բխում։

Նմանատիպ նյութեր