211652_close_icon
views-count27437 դիտում article-date 15:23 03-10-2024

Վանդալիզմ՝ Երևանում. Դավիթաշենում հիմքից կտրել են 45 հսկայական ու առողջ բարդիներ. ժամանել են Երևանի քաղաքապետարանի Կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրենն ու Դավիթաշենի թաղապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, բնության նկատմամբ վանդալիզմ է իրականացվել Երևանում։ Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Փիրումյան 1 հասցեում ծառերի սպանդ է իրականացվում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՈԱԿ-ի աշխատակիցները՝ տնօրեն Արմեն Բեգոյանի գլխավորությամբ։

Ժամանել է նաև Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանը։

Մինչ կժամանեին Կանաչապատման ՀՈԱԿ-ի և Դավիթաշենի թաղապետարանի աշխատակիցները, արդեն մոտ 45 հսկայական բարդիներ հիմքից կտրել էին։

Ահազանգով ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, ովքեր ծառերի սպանդի հեղինակներին բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին։

Այս պահին վարչական շրջանի ղեկավար Ա. Հովասափյանի հանձնարարականով թաղապետարանի աշխատակիցները հերթապահություն են իրականացնում, մինչև կժամանեն քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները, որպեսզի կտրված ծառերը տեղափոխեն անվտանգ վայր։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվելու են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ, հավանաբար, կնախաձեռնվի քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ծառերի սպանդի՝ ժողովրդի լեզվով ասած «գլավարը» արդարացել է, թե իմ տան մոտ ընկած ծառերն են ու քանի որ վերջին ժամանակահատվածում անընդհատ բարդիներ են տապալվել ու ընկնելուց հետո ծառերի արմատները արդեն հասնում էին իմ տուն, դրա համար կտրել եմ տվել, որ տեղն ուրիշ սակուրաներ տնկեմ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր