211652_close_icon
views-count53960 դիտում article-date 23:17 14-10-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում. «Երևան սիթի» ցանցի տնօրենը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա», որտեղից էլ՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվել, որ 3-րդ գյուղի 4-րդ փողոցից «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Սիմոնյանն է, ով այնուհետև «Արմենիա» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա հիվանդանոց է տեղափոխվել «գլխի վնասվածք, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին, ապա ժամանած՝ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հիվանդանոցում վիրավորի ընկերներն ու բարեկամները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ Գ. Սիմոնյանն աշխատում է որպես «Երևան սիթի» ցանցի տնօրեն։

 Ոստիկանությունը պարզում է նաև՝ արդյոք տեղեկությունները նրա աշխատանքի վերաբերյալ հավաստի են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր