211652_close_icon
views-count1138 դիտում article-date 13:47 30-10-2024

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը գտել է, որ վարույթ նախաձեռնելու հիմքեր չկան. Խաչատրյանը՝ Քյարամյանի հայտարարության հիման վրա վարույթ չնախաձեռնելու մասին

Քննիչն է որոշում քննչական գործողությունների հերթականությունը, տակտիկան, այնպես որ ես այս պահին քննիչի փոխարեն չխոսեմ, դուք տեղյակ կլինեք ամեն ինչից: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հրավիրվել է հակակոռուպցիոն կոմիտե՝ ցուցմունք տալու:

Խաչատրյանը պնդեց՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ունի այն սկզբունքայնությունը, կամքը ոչ միայն այս, այլ բոլոր գործերով էլ,  որ եթե քննությամբ ձեռք բերվեն բավարար ապացուցյներ, քննիչի կողմից միջնորդություն կներկայացվի դատախազին՝ քրեական հետապնդում հարուցելու մասին:

«Սա է քրեական դատավարության ընթացակարգը, այս գործը մյուս գործերից չի տարբերվում: Մեր կառույցում որևէ մեկի նկատմամբ ընտրողական մոտեցում չի ցուցաբերվում»,- ասաց նա:

Միևնույն ժամանակ Խաչատրյանը հավաստիացրեց՝ իրեն որևէ մեկը երբեք չի զանգել, նման միջնորդություններ չեն եղել իշխանական որևէ մարմնից և միգուցե դա իր անձի հետ է կապված: «Ինձ նման միջոնրդություններով չեն դիմում»,- վստահեցրեց նա:

Հարցին՝ եթե այդքան սկզբունքային է, լսումներից 15 օր անց ինչո՞ւ չհարուցեցիք վարույթ, այլ  Հակոբ Ջալոյանի հաղորդման հիման վրա հարուցվեց, այն դեպքում երբ Դուք անձամբ ներկա էիք լսումներին, Խաչատրյանն արձագանքեց. «Պետք է լինի առիթ քրեական վարույթ հարուցելու համար: Այսինքն, պետք է լինի համապատասխան հաղորդում: Այս դեպքում մենք հաղորդում չէինք ստացել և մեր սեփական նախաձենռությամբ էլ վարույթ չենք նախաձեռնել, որովհետև չենք գտել դրա առիթը:

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը գտել է, որ վարույթ նախաձեռնելու հիմքեր չկան: Նորմալ եմ համարում, որ քննիչն ինքնուրույն որոշում է կայացրել»:

Հիեցնենք, որ ԱԺ-ում լսումների ժամանակ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել էր, թե ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու գործով երկու հոգի միջնորդել են իրեն:

Նմանատիպ նյութեր