211652_close_icon
views-count34514 դիտում article-date 10:11 05-11-2024

Ապարանում որպես անհետ կորած որոնվող 31-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է «Վերածնունդ» հուշահամալիրում

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 01:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ոստիկանները և Արագածոտնի մարզի բնակիչ, 31-ամյա Մովսես Նադարյանի հարազատներն ու համաքաղաքացիները մի քանի ժամ շարունակ որոնողական աշխատանքներ իրականացնելու արդյունքում Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրի տարածքում ծառից կախված հայտնաբերել են Մ. Նադարյանի դին:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հրաչ Դավթյանի գլխավորությամբ:

Տեղում պարզվել է, որ մահացածը երեկ՝ նոյեմբերի 4-ից՝ որպես անհետ կորած որոնվող Մ. Նադարյանն է:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:  

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:  

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, երեկ՝ հոկտեմբերի 4-ին, ցերեկը՝ ժամը 13։00-ի շրջանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում 31-ամյա երիտասարդ Մովսես Կարենի Նադարյանը դուրս էր եկել տնից և մինչ այս պահը չի վերադարձել։

Երիտասարդն ուներ հիշողության կորուստ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր