211652_close_icon
views-count739 դիտում article-date 19:11 14-11-2024

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել կառուցապատողների հետ հերթական հանդիպումը

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել կառուցապատողների հետ հերթական հանդիպումը, որին ներկա է գտնվել նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը։

Քննարկվել են «Ռենովացիայի մասին» օրենքի նախագծի մշակման շրջանակում առաջարկվող հայեցակարգային սկզբունքները, ինչպես նաև քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործող ընթացակարգերի պարզեցման հնարավորությունները։

Դիտարկելով բազմաբնակարան շենքերի առկա վիճակը և ռենովացիայի իրականացման տարբերակները՝ կարևորվել է պիլոտային ծրագրի իրագործումը։

Կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ընդգծել է, որ ծրագրի իրագործման արդյունքում ակնկալվում է ապահովել բնակֆոնդի թարմացում, անվտանգ, ժամանակակից պահանջներին համապատասխան քաղաքաշինական միջավայր և շինարարության ոլորտի շարունակական ակտիվություն.

«Փորձելու ենք համատեղ գտնել մեխանիզմներ, որոնք ծրագիրը հետաքրքիր կդարձնեն ներդրողների համար, միաժամանակ կապահովեն սեփականատերերի իրավունքների պաշտպանություն»։

Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը շեշտել է, որ ռենովացիայի ծրագրի հիմքում պետք է լինի պետական և մասնավոր շահերի հավասարակշռումը, իսկ առաջարկվող լուծումները պետք է լինեն հայեցակարգային։

Կառուցապատողների հայկական ասոցիացիա/Association Of The Armenian Developers-ի նախագահ Գուրգեն Գրիգորյանը ներկաներին փոխանցել է կառուցապատողների առաջարկները՝ պետություն-մասնավոր համագործակցության, օրենսդրական դաշտի և վարչարարության բարելավման, ինչպես նաև ռիսկերի զսպման ու կառոցապատման գրավչության բարձրացման մեխանիզմների վերաբերյալ։

Օրակարգի երկրորդ հարցը քննարկելիս ներկայացվել են քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործող կարգավորումները։

«Կառուցապատողները կարող են վստահ լինել, որ կա քաղաքական կամք՝ գնահատելու քաղաքաշինական ընթացակարգերի պարզեցման անհրաժեշտությունը և ձեռնարկելու միջոցներ դաշտի բարելավման համար։ Այդ գործընթացի մասնակիցը կարող եք լինել նաև դուք»,-ընդգծել է Եղիազար Վարդանյանը։

Կառուցապատողները պատրաստակամություն են հայտնել ներկայացնել իրենց առաջարկները և ներգրավվել առաջիկա քննարկումներին։

Նմանատիպ նյութեր